Բաժիններ՝

Բարձրացել են դեպի Ռուսաստան կատարվող զանգերի սակագները․ ո՞րն է պատճառը

Դեպի Ռուսաստանի Դաշնություն կատարվող զանգերի սակագները, ռուսաստանյան խոշորագույն օպերատորների փոխկապակցման սակագների զգալիորեն բարձրացման պատճառով, «Յուքոմ» ու «Վիվա-ՄՏՍ» ընկերությունները ևս բարձրացրել են։

«Յուքոմ» ընկերությունից հաղորդեցին, որ «Յուքոմ» շարժական ցանցի բաժանորդների համար դեպի Ռուսաստանի Դաշնության բոլոր ցանցեր սակագնի փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե նախկինում բաժանորդները զանգել են ՌԴ բոլոր ցանցեր՝ 50 դրամ/րոպե սակագնով, ապա սույն թվականի փետրվարի 26-ից  դարձել է 70 դրամ։ Փոփոխությունը պայմանավորված է ՌԴ խոշորագույն օպերատորների կողմից դեպի ՌԴ ցանցեր զանգի ինքնարժեքի և փոխկապակցման սակագների էական բարձրացումով։

«Դա մենք  չենք բարձրացրել, այլ ՌԴ խոշոր օպերատորները, և տվյալ փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնում Ucom Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանի բաժանորդների վրա, և նրանք իրենց սակագնային պլանում ներառված դեպի ՀՀ, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ինչպես նաև ՌԴ բոլոր ցանցեր րոպեները սպառելուց հետո կշարունակեն ՌԴ բոլոր ցանցերի բաժանորդների հետ խոսել 15 դրամ/րոպե սակագնով»,- հայտնեցին ընկերության լրատվական բաժնից։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դեպի Եվրոպա կատարվող զանգերի սակագների փոփոխություն ևս լինի՝ «Յուքոմ»-ից պատասխանեցին, որ ամեն ինչ շուկայի թելադրանքով է իրականացվում, այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չկա։

Վիվա-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը տեղեկացրեց, որ 2021թ. փետրվարի 23-ից սկսած՝ Վիվա-ՄՏՍ-ի բոլոր՝ թե՛ անհատ, և թե՛ կորպորատիվ բաժանորդները դեպի Ռուսաստանի ցանցեր ելքային զանգեր կարող են կատարել 59 դրամ/րոպե սակագնով (ներառյալ՝ ԱԱՀ):

Դեպի Ռուսաստան զանգեր կատարելու պայմանների փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ռուսաստանյան խոշորագույն օպերատորները զգալիորեն բարձրացրել են փոխկապակցման սակագները: Նոր պայմանների համաձայն՝ «Viva» սակագնային պլանների և կորպորատիվ փաթեթների շրջանակում դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի փաթեթներում ներառված՝ դեպի Ռուսաստան զանգեր կատարելու հնարավորությունը հասանելի է միայն «ՄՏՍ Ռուսաստան» ցանցի ուղղությամբ, իսկ փաթեթը սպառելուց հետո դեպի «ՄՏՍ Ռուսաստան» ցանց զանգի արժեքը կկազմի 59 դրամ/րոպե (ներառյալ՝ ԱԱՀ):

Մինչ պայմանների վերը նշված փոփոխությունը, ձայնային IP ծառայության զանգի 1 րոպեի արժեքը (համարից առաջ 77 հավաքելով) եղել է 50 դրամ, ինչը ևս դարձել է 59 դրամ։ Մինչդեռ միջազգային զանգի գնի 1 րոպեի արժեքը 63 դրամից իջել է՝ կրկին դառնալով 59 դրամ։ Նման սակագինը հնարավոր է դարձել՝ հաշվի առնելով Վիվա-ՄՏՍ-ի՝ «ՄՏՍ» խմբի մաս կազմելու հանգամանքը:

«Բիլայն» ընկերությունից էլ հայտնեցին, որ դեպի ռուսաստանյան ցանցեր զանգահարելու սակագներում դեռ փոփոխություններ չկան, ոչ մի նոր բան չի մշակվում, մնալու են այնպես, ինչպես կա: Կան փաթեթներ, որով դեպի Ռուսաստան զանգ կատարելն անվճար է։ Օրիակ, եթե «Սմարթ» փաթեթի բաժանորդ եք, և ունեք 100-200 րոպե խոսելաժամանակ, դրա մեջ նաև մտնում է ՌԴ, ԱՄՆ, Կանադա զանգ կատարելը, ու այս դեպքում անվճար է, սակայն, եթե բաժանորդները սպառում են խոսելաժամանակը, կարող են զանգահարել նույն՝ 89 դրամ/րոպե սակագնով՝ հեռախոսահամարից առաջ հավաքելով *88*:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս