Պարզվում է՝ Հայկ Մարությանը երեկ հրապարակում է եղել, բայց բեմ չի բարձրացել
Երեկ Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ, հարթակում՝ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների կողքին, արդեն 2-րդ անգամ «բացակայում» էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նիկոլ Փաշինյանի հրավիրած նախորդ հանրահավաքին՝ փետրվարի 25-ին, Մարությանը կրկին ներկա չէր, քաղաքապետի մամուլի խոսնակն էլ մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ամբողջ օրվա ընթացքում զբաղված է եղել իր աշխատանքային պարտավորությունները կատարելով։
168.am–ն այսօր կրկին դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցով, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայկ Մարությանն արդեն 2-րդ անգամ չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, ինչին Կարապետյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետը երեկ հրապարակում է եղել հանրահավաքի ժամանակ։
- Այդ դեպքում ինչո՞ւ բեմ չէր բարձրացել, Նիկոլ Փաշինյանի ողջ թիմը բեմի վրա էր։
- Երեկ Հայկ Մարությանը եղել է հրապարակում՝ հանրահավաքի մասնակիցների մեջ՝ ժողովրդի հետ։
- Պատճառը ո՞րն է, որ բեմ չի բարձրացել, քանի որ ողջ թիմն այնտեղ էր՝ պատգամավորներ, նախարարներ, անգամ գործարար Խաչատուր Սուքիասյանն էր բեմի վրա Փաշինյանի կողքին կանգնած։
- Ես չեմ կարող բեմում գտնվողների հետ կապված ինչ-որ բան ասել։
- Նկատի ունեմ՝ ինչո՞վ է պայմանավորված Մարությանի բեմ չբարձրանալը, նեղացա՞ծ է թիմակիցներից։
- Ոչ, ոչ մի անձնական խնդիր, նեղացվածության հետ կապված հիշատակումները տեղին չեն։
- Հանրահավաքը սկսվեց Նիկոլ Փաշինյանի և իշխանական թիմի՝ կառավարության շենքից դուրս գալով, և միասին բարձրացան բեմ, նման առաջարկ եղե՞լ է Հայկ Մարությանին։
- Ես տեղյակ չեմ՝ առաջարկությունների հետ կապված։