Ինչու Հայկ Մարությանը երեկ չի մասնակցել հանրահավաքին․ պարզաբանում է խոսնակը

Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հրավիրած հավաք-երթին ներկա էին իմքայլական մի քանի պատգամավորներ, նախարարներ, իշխանական թևի այլ ներկայացուցիչներ, սակայն ներկա չէր 2018 թվականի հեղափոխությանն ակտիվ մասնակցած՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Հայկ Մարությանը ներկա չէր հանրահավաքին, իսկ այնուհետև՝ երթին, քանի որ նա ևս ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձություններին:

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ամբողջ օրվա ընթացքում զբաղված է եղել իր աշխատանքային պարտավորությունները կատարելով»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Հարցին՝ քաղաքապետը չէ՞ր կարող որոշ ժամանակով ներկա գտնվել հանրահավաքին և կրկին վերադառնալ իր աշխատանքային պարտավորությունների իրականացմանը, և արդյոք հնարավո՞ր է, որ անձնական խնդիրներ կան Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով չի մասնակցել հավաք-երթին, Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ ոչ մի անձնական խնդիր չկա։

Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը երեկ առավոտյան հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

Այս հայտարարությունից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ, ապա իր բոլոր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728