«Ես հարմար չեմ գտել մասնակցելու՝ այս կողմը մի տեսակետ ունի, այն կողմը՝ մի». Տաթևի համայնքապետի ԺՊ-ն չի մասնակցել Սյունիքի հանրահավաքին
Փետրվարի 27-ին Կապանում՝ քաղաքապետի գլխավորությամբ, տեղի ունեցավ հանրահավաք և երթ՝ ի աջակցություն հայոց բանակի։ Հանրահավաքին մասնակցել էին Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ։
168.am-ի հետ զրույցում Տաթև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակազմից որևէ մեկը այդ հանրահավաքին չի մասնակցել, ինչ վերաբերում է բնակչությանը, ապա որևէ բան չի կարող ասել՝ նրանք մասնակցե՞լ են, թե՞ ոչ։
Նա դժվարացավ մանրամասնել, թե ինչու չեն մասնակցել, միայն ասաց. «Ես հարմար չեմ գտել մասնակցելու, խնդիրը սա է, մասնակցենք՝ ի՞նչ, այս կողմը մի տեսակետ ունի, այն կողմը՝ մի։ Չգիտեմ, մի քիչ բարդ է, ամեն դեպքում ժողովուրդը կորոշի»։
Անդրադառնալով Տաթև համայնքի Խոտ գյուղը սահմանամերձ համայնքների ցանկում ներառելուն, Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ նախկինում Խոտն ու Շինուհայրը ընդգրկված էին սահմանամերձ համայնքների ցանկում։ Սակայն այսօր սահմանամերձ ցանկում ներառվել է միայն Խոտը, թե ինչ հիմնավորմամբ է Շինուհայրը դուրս մնացել ցուցակից՝ անհայտ է։
«Թշնամին կոնկրետ մեր վարչական սահմաններին շատ մոտ չէ, ավելի շատ մոտ է քաղաքային համայնքներին, Կապանին, մեզ այդքան մոտ չեն։ Մեր վերջին բնակավայրը հասնում է Գորիսին և Որոտանին, Որոտանն այդ հատվածը կտրում է մեր վարչական տարածքից։ Հանրապետական նշանակության ճանապարհը գործում է, և բնակիչները կարող են շատ չվախենալու համար օգտվել Տաթև-Աղվանի հատվածից»,- նշեց Մ. Հովսեփյանը։