«Վարչապետն իր խոսնակի միջոցով ուզում է «Իսկանդերի» պատմությունը գցել ԳՇ պետի գրպանը». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հարցը միայն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մեջ չէ, քանի որ 40 զինվորականներ են միացել Կառավարության հրաժարականին, և իշխանությունը չի կարող 40 զինվորականի հեռացնել աշխատանքից։
«Իշխանությունն այլևս մեծամասնության իշխանությունը չէ, այս իշխանությունը դարձել է քաղաքական մեծամասնության իշխանությունը։ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն այլևս չի աջակցում այս իշխանությանը, հետևաբար՝ պետք է ստուգել՝ որքանն է աջակցում։ Իսկ դրա միակ ճանապարհն ընտրություններն են, իսկ իշխանությունը տարբեր պատրվակներ է փնտրում ընտրությունները վիժեցնելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթին վարչական ռեսուրս կիրառելուն ու շրջաններից մարդկանց բերելուն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ վարչական ռեսուրս կիրառելով հնարավոր չէ իշխանություն պահել։
«Իշխանությունը պետք է զիջումների գնա, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, ընդդիմությունը չի կարող իր զիջումներով երկիրն այս վիճակից դուրս բերել։ Իշխանությունն է, որը պետք է լինի լայնախոհ, իշխանությունն է, որ ունի զիջումների մի ամբողջ գործիքակազմ»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է «Իսկանդերի» հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակի հայտարարությանը, Էդմոն Մարուքյանը նկատեց. «Ես չեմ վստահում Փաշինյանի խոսնակին և նրանց հայտարարություններին։ Եթե Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետն է, իրեն բան են զեկուցում, ու ինքը դա մի քանի աղբյուրից չի ճշտում, ինչո՞ւ է հարցազրույցի ժամանակ այդ մասին հայտարարում։ Շփոթվա՞ծ է եղել, ինչո՞ւ չեն կտրել հանել երկիրը խայտառակող այդ դրվագը։ Հիմա վարչապետն ի՞նչ է ուզում անել իր խոսնակի միջոցով, ուզում է «Իսկանդերի» պատմությունը գցել ԳՇ պետի գրպանը»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Իսկանդերի» հետ կապված Նիկոլ Փաշինյանին ճիշտ չի զեկուցվել։