Բաժիններ՝

Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ, 44-ամյա տղամարդուն:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա տղամարդու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ 2021 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 62-ամյա տղամարդու հետ անձնական հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող խանութի հարակից տարածքում հանդիպել է վերջինիս հետ:

Սկսված պարզաբանումը վերածվել է վիճաբանության, հնչել են նաև փոխադարձ վիրավորանքներ, որի ընթացքում Եղեգնաձորի բնակիչը, վրեժի շարժառիթով, աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ պատճառելով գլխուղեղի դիֆուզ, փակ գանգուղեղային վնասվածք, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս