«2018թ. մարտի 1-ին Փաշինյանի հրահրած սադրանքի արդյունքում են զոհեր եղել». Քաղաքագետը՝ Փաշինյանի հանրահավաքի բուն նպատակի մասին
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 28-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ժողովրդին այսօր՝ մարտի 1-ին, հրավիրեց Հանրապետության հրապարակ:
«Կանդրադառնամ նաև հարցին՝ ի վերջո բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե՞ ոչ, և իրողությունները ի ցույց կդնեմ 1999թ. հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի այս կոչը հանրության շրջանում առնվազն զարմանք առաջացրեց, քանի որ այս կոչը հնչում է ոչ թե ընդդիմադիր գործչի, այլ իշխանության բոլոր լծակներն և ռեսուրսներն ունեցող ղեկավարի կողմից: Ընդ որում՝ մի երկրի ղեկավարի կողմից, որն ունի բազմաթիվ խնդիրներ՝ անհայտ կորած զինվորներ, Ադրբեջանում պահվող ռազմագերիներ, պատերազմի հետևանքով հազարավոր անօթևան մնացած մարդիկ, հաշմանդամներ, Սյունիքում վախի մեջ ապրող բնակիչներ, սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ և այլն։
Այս հարցերին անդրադառնալու փոխարեն՝ խոր ճգնաժամի ձախողած կառավարմամբ և պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրած Փաշինյանը մարդկանց փողոց է հանում՝ հանրահավաք անելու համար։
168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ Փաշինյանի այս պահվածքն իր համար բոլորովին զարմանալի չէ, նման վարքագիծը բնորոշ է Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին ասում էր, որ բացահայտել է Մարտի 1-ը, բոլորդ էլ հիշում եք նրա հանրաճանաչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում, հիմա այդքան էլ հասկանալի չէ, թե նա ինչն է ուզում բացահայտել։ Նրա փորձերը՝ հոկտեմբերի 27-ի հետ կապված ինչ-որ զուգահեռներ անցկացնելը, անհասկանալի է. երեք տարի է՝ նա վարչապետ է և մինչև հիմա հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար որևէ քայլ չի կատարել։ Բացահայտումներ չեն կատարել նաև շահագրգիռ կողմերը, օրինակ՝ Նիկոլին սպասարկող Արամ Զավենի Սարգսյանը, որը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ինչպես նաև Գագիկ Ջհանգիրյանը, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա հանրահավաքը որևէ առնչություն չունի մարտի 1-ի հետ, այն պարզապես ներքաղաքական վերջին զարգացումների համար է արվում։
«Այդ հանրահավաքին մասնակցելու համար մարդիկ բառիս բուն իմաստով բերման են ենթարկվում։ Այո, նախկինում ՀՀ-ում բոլոր ղեկավարներն օգտագործել են վարչական ռեսուրս, բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ նման բան չէի տեսել։ Գյուղապետերը, մարզպետները իրենց ռեսուրսներն օգտագործում են մարդկանց հանրահավաքին բերելու համար։ Շիրակի մարզում գիշերը ժամը 02։00-ին մարզպետի սենյակի լույսը միացրած էր, մարզպետարանում բազմաթիվ մարդիկ էին։ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի գյուղապետ Հունան Պետրոսյանը՝ նախկին ՕԵԿ-ական, լծված է գլխաքանակ ապահովելու Փաշինյանի հանրահավաքին։ Ըստ տարբեր լուրերի, Արթիկ քաղաքի գործարարներից մեկն ուղղակի գումար է բաժանում մարդկանց՝ այդ հանրահավաքին մասովկա ապահովելու համար։ Հարց է առաջանում՝ եթե Փաշինյանը կարողանում էր այդքան ադմինիստրատիվ ռեսուրս ապահովել, ինչո՞ւ նույնը չարեց պատերազմի ժամանակ մարդկանց ռազմաճակատ տանելու համար։ Նիկոլն ու Արցախի նախագահը բողոքում էին, թե մարդ չկար, թող այն ժամանակ տանեին մարդկանց»,- հավելեց քաղաքագետը։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենը խայտառակություն է, քանի որ Փաշինյանը ժողովրդի միջոցով ու ժողովրդի անվան տակ՝ ճնշում է գործադրում բանակի նկատմամբ, որպեսզի երկրում հաստատի բացարձակ ֆաշիզմ։
«Պետական մտածելակերպից զուրկ այդ անձնավորությունն ամեն ինչ անում է, որ այսօր Բաղրամյան պողոտայում բախումներ տեղի ունենան։ Ըստ տարբեր լուրերի՝ եթե մասովկան բավականին մեծ լինի, նա կփորձի նրանց ուղղորդել դեպի Բաղրամյան պողոտա՝ ՀՀ նախագահի նստավայր, և կպահանջի, որպեսզի Օնիկ Գասպարյանը հրաժարական տա։ Նույնիսկ, եթե այդ հանրահավաքին մասնակցի, օրինակ, 50 հազար մարդ, արդյոք այդ 50 հազար մա՞րդն է որոշում Հայաստանի ճակատագիրը: Լավ, որքա՞ն կարելի է այդքան պրիմիտիվ ու տհաս լինել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ Գագիկ Համբարյանը նկատեց, որ Փաշինյանի հրահրած սադրանքի արդյունքում են 2018թ. մարտի 1-ին զոհեր եղել, և իշխանության գալուց հետո պետական մակարդակով կաշառել է զոհերի հարազատներին՝ նրանց հատկացնելով 30 մլն դրամ։ Ավելին՝ պետությունը պարտավոր չէր զոհերի հարազատներին փոխհատուցում տալ, պետք է դատավարություն տեղի ունենար, և մեղավորները սեփական գրպանից փոխհատուցում տային։
«Նիկոլ Փաշինյանն անընդհատ շոուներ է սարքում, նույնն արեց դեկտեմբերի 19-ին՝ սգո երթի ժամանակ, երբ նա կառավարության շենքից դուրս եկավ, և իր կողմնակիցները դրսևորեցին ցինիկ պահվածք։ Հիմա էլ նույն խայտառակությունն է, իբրև թե մարտի 1-ի զոհերի հիշատակին է նվիրված, բայց իրականում շոու է՝ ցուցադրելու միջազգային հանրությանը, թե իբր Հայաստանում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։