«Փոփոխություններ կատարելու արդյունքում միայն Հայաստանը նորից կդառնա Արցախի անվտանգության երաշխավորը». Վահրամ Բալայան
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը համաժողովրդական շարժում է, որպեսզի երկիրը թշնամուն հանձնած իշխանությունները հեռանան։
«Սա շատ նորմալ է, որ ժողովուրդն իր դժգոհությունն է հայտնում, իսկ բանակը ժողովրդի մի հատվածն է, և սահմանադրությամբ նրան վերապահված է երկրի ամբողջականությունը պահել։ Պետք է ասեմ, որ Հայաստանի պետականությունն է վտանգի տակ դրված և բանակը պետք է իր գործառույթները կատարի, որպեսզի գոնե հայկական պետականության բեկորները պահպանվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։
Ըստ նրա, ներկայիս իշխանությունների շնորհիվ երկիրն այն վիճակի է հասել, որ Հայաստանը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է, այսօր նույնիսկ իր անվտանգության երաշխավորը չէ։ Այս մասին են վկայում այն փաստերը, որոնք կան Սյունքում, որտեղ անվտանգության երաշխավորը դարձել է ռուսական բանակը։
«Սա է իրականությունը, փոփոխություններ կատարելու արդյունքում միայն Հայաստանը նորից կդառնա Արցախի անվտանգության երաշխավորը, քանի որ թվացյալ Հայաստանը չի կարող այդ անվտանգության երաշխավորը լինել, այսինքն՝ այսօր այդքան բաց վիճակում է երկիրը»,- հավելեց Վահրամ Բալայանը։
Նրա բնորոշմամբ՝ բանակում գեներալներին աշխատանքից ազատելը, նրանց շաբաթը մեկ փոխելը խոսում է իշխանությունների ոչ կոմպետենտ լինելու մասին, քանի որ, մեղմ ասած, երկրագունդը պտտվում է նրանց շուրջ։
«Եթե այսօր Տիրան Խաչատրյանն «Իսկանդերի» հետ կապված կարծիք է հայտնել, ուրեմն նրան պետք է հեռացնե՞ն։ Նա մարտական ճանապարհ անցած մեր գեներալներից է, ես անձնապես նրան ճանաչում եմ։ Նա մարդ է, որն ի վիճակի է զորք ղեկավարելու, սահմաններն ապահովելու։ Անլուրջ վերաբերմունք են ցուցաբերում գեներալների հանդեպ՝ մեկ ամիս առաջ հերոսի կոչում են տալիս, իսկ մեկ ամիս հետո, այն էլ ռազմական դրության ժամանակ՝ պաշտոնից հեռացնում, որովհետև նա կոնկրետ գնահատական էր տվել «Իսկանդերի» հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա հիշեցրեց, թե պատերազմի ժամանակ քաղաքական իշխանություններն ինչպիսի անլուրջ վերաբերմունք ցուցաբերեցին բանակի հանդեպ, երբ տարբեր հրամանատարների փոխեցին, ինչն էլ բերեց նրան, ինչ կա։
«Սա ահավոր վիճակ է, որում այսօր ապրում է հայկական իրականությունը՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունները»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտում ևս տեղի է ունեցել ինքնաբուխ ակցիա՝ ի աջակցություն հայոց բանակի և հայրենիքի փրկության։ Ակցիա տեղի կունենա նաև այսօր, Սյունիքի մարզի Կապան քաղաքը ևս հանրահավաքով իր աջակցությունը կհայտնի բանակին։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատվել էր պաշտոնից։ Պաշտոնից ազատվելուց ժամեր առաջ նա արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերը» պատերազմի ժամանակ չի կրակել, կամ կրակել է 10 տոկոսով։ Տիրան Խաչատրյանը պարզապես ասել էր, որ նման բան չի կարող լինել։
Նրան պաշտոնից ազատելուց հետո, Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջեց կառավարության հրաժարականը։