«Նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել». Արթուր Վանեցյանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին
Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ, մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպման մանրամասները։
«Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին։ Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան։ Նրան ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը, այն է, որ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր՝ իրականացնի իր սահմանադրական լիազորությունները՝ չստորագրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը։ Իրավական առումով բոլոր հիմքերը կան, և դրանք ներկայացված են։ Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնը ապաքաղաքական է, և քաղաքական նպատակներով նրան պաշտոնից ազատելն ուղղակի Սահմանադրության խախտում է»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա, այսօր երկրում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ։ Կա դեռևս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և Զինված ուժերի ողջ ղեկավար կազմի հայտարարությունը, որով պահանջում են այդ անձի հրաժարականը։
«Սա նշանակում է, որ մեր երկիրն այսօր ունի լուրջ անվտանգային խնդիր ու սպառնալիք, և այդ հարցի լուծումը պետք է տա ՀՀ նախագահը։ Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել։ Լսել է մեր պահանջը և ասել է, որ կհանդիպի Գլխավոր շտաբի ու Զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի հետ և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի։ Բայց մենք եկեք ոգեկոչենք ՀՀ նախագահին, որպեսզի նա կայացնի որոշում՝ հանուն Հայաստանի»,- հավելեց Ա. Վանեցյանը։
Անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը և դրա հետ կապված իշխանական քարոզչամեքենային, Արթուր Վանեցյանն ասաց, որ հերթական անգամ իշխանությունը մանիպուլացնում է հասարակությանը՝ հայտարարելով, թե ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։
«Ժողովուրդ, եթե բանակը ռազմական հեղաշրջման փորձ աներ, արդյո՞ք մենք այսօր փողոցում հավաքված, այս պայմաններում կպահանջեինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իհարկե ոչ, այդ հայտարարությունը մեզ համար լրջագույն ահազանգ էր, որ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մենք կանգնած ենք անդունդի եզրին, և մեկ քայլ՝ կհայտնվենք անդունդում»,- ընդգծեց Ա. Վանեցյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում