«Այս ամենը ուժի ցուցադրում էր». Պատգամավորը՝ մարդկանց հրապարակ կանչելու Փաշինյանի կոչի մասին
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ռազմական հեղաշրջման փորձը եթե լիներ, ապա արդեն եղած կլիներ։
«Երբ պահանջում են հրաժարական, դա ռազմական հեղաշրջման փորձ չէ, եթե ունի կասկած, որ կարող է դրան գնալ, գոնե ձևակերպումը պետք է տա, որ մտավախություն ունի։ Բայց, եթե հստակ հնչեցնում է, պետք է տակը հինգ դնի, չեմ կարծում՝ հրաժարական պահանջելը ռազմական հեղաշրջման փորձ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Հարցին՝ երեկ պետական հիմնարկների աշխատակիցներն աշխատանքային ժամին դուրս էին եկել փողոց և միացել էին Նիկոլ Փաշինյանին, արդյո՞ք սա վարչական ռեսուրսի վատնում չէ, պատգամավորը պատասխանեց, որ, երբ նախկինում նման բան էին անում, ներկայիս իշխանության ներկայացուցիչները քննադատում էին, բայց չգիտես ինչու, այսօր իրենք են նման արարք թույլ տալիս։
«Երբ ժողովուրդը դուրս գար փողոց, Փաշինյանին աջակցեր, կհասկանայինք, բայց երբ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են գալիս հրապարակ, կարծում եմ՝ թույլատրելի չէ, և ասեն, թե նրան ժողովուրդն է սատարում, ինչը նախկինում քննադատվում էր, գուցե պետք չէր նման բան անել։ Կարծում եմ՝ այս ամենը ուժի ցուցադրում էր, ցույց տալու, թե ում ինչ զանգվածներ է սատարում։ Չեմ կարծում, որ այն զանգվածին, որին սպասում էին՝ գոհացրեց, բայց բավական էր, որ նրանց ուժ տար»,- հավելեց Վարդան Աթաբեկյանը։
Նա ընդգծեց, որ իշխանությունը որևէ ցանկություն չունի գնալու արտահերթ ընտրությունների, ճիշտ է, հայտարարություններ անում է, սակայն որևէ ցանկություն չկա։
«Այն գործողությունները, որոնք պետք է կատարվեին երկիրը բարվոք վիճակի բերելու համար, չեմ կարծում, որ դրան թավիշը կխանգարեր: Ըստ իս՝ թավիշի դեպքում էլ է հնարավոր նման բաներ կատարել։ Ուղղակի պետք է, որ այն ոլորտները, որոնք կառավարում են անփորձառու մարդիկ, պետք է մի քիչ պրոֆեսիոնալ ու պատասխանատու լինեն։ Թողեք մի հատ տեսնենք՝ ինչ է նշանակում՝ վերջ թավիշին, երևի կհասկանաք, որ թավիշը չէր խանգարում»,- շեշտեց Վարդան Աթաբեկյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին, Վարդան Աթաբեկյանն ասաց, որ մարտավարական առումով ընդդիմությունը մարտավարական քայլեր ձեռնարկել է։
«Անկեղծ ասած, չեմ հասկանում՝ երեկ փակելուց հետո, այսօր ինչ է կատարվում փողոցում ու ինչ նպատակ ունեն։ Երկու դաշտում էլ լարված է, եթե ճիշտ քայլեր անեն, ապա մի կողմի համար իրավիճակը կուլմինացիա կունենա»,- ընդգծեց պատգամավորը։