«Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է». Առուշ Առուշանյան
«Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է»,- այսպես արձագանքեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե նրա կարծիքով՝ արդյոք առաջիկայում կլինի՞ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:
Առուշ Առուշանյանն անդրադարձավ նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի ու շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին՝ նկատելով.
«Կարծում եմ՝ դեռ ուշացել է. ես ավելի շուտ էի սպասում, անկեղծ»:
Մեկնաբանելով երկրում առկա իրավիճակը՝ նա հիշեցրեց երեկ Թուրքիայից հնչող հայտարարությունները, որով դատապարտում էին Հայաստանում տեղի ունեցած, իրենց մեկնաբանմամբ՝ «հեղաշրջման փորձը».
«Եթե մեր թշնամին է արդեն սատարում մեր գործող իշխանություններին, դրանով, կարծում եմ՝ ամեն ինչ և՛ ասված է, և՛ ավարտված: Կարծում եմ՝ ոչ մի ադեկվատ մարդու համար այդտեղ մեկնաբանելու կարիք չկա»:
Նկատենք՝ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո անվտանգային առումով լրջագույն խնդիրների առաջ կանգնեց նաև Սյունիքի մարզը:
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները հենց այս անվտանգային խնդիրների պատճառով ամիսներ շարունակ բարձրաձայնում են վարչապետի ու կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին: Երեկ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունից հետո նրանք վերահաստատեցին իրենց դիրքորոշումը՝ սատարելով ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: