Պահանջում ենք կառավարության և վարչապետի հրաժարականը և սահմանադրական ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում. ՌԱԿ

Տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան ծանր ներքաղաքական ճգնաժամի ճիրաններում. ամենատարբեր ձևաչափի քաղաքական, հասարակական և պետական կառույցների կողմից կատարվող, երբեմն իրարամերժ քաղաքական բնույթի հայտարարություններն է՛լ ավելի են խորացնում առկա ճգնաժամը և ստեղծում գերլարված քաղաքական իրավիճակ, որը հղի է անկանխատեսելի զարգացումներով՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի բռնկումը՝ վտանգելով մեր պետականության հիմքերը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռամկավար ազատական կուսակցությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Ակնառու է, որ այս իրավիճակում ներկա իշխանությունները, որոնք դիվանագիտական և ռազմական պարտության մեջ ունեցան օբյեկտիվ և սուբյեկտիվ ձախողումներ, արդեն տևական ժամանակ է, չեն կարողանում հանգուցալուծել ստեղծված քաղաքական ճգնաժամը, և հետևաբար չեն կարող շարունակել երկիրը կառավարել մինչև իրենց գործունեության օրինական ժամկետի ավարտը:

Ռամկավար Ազատական կուսակցությունը, բացառելով իշխանափոխության հակասահմանադրական ճանապարհը, կոչ է անում վերջ տալ ներքին թշնամանքին, ջուր չլցնել արտաքին թշնամիների ջրաղացին, այլ համախմբվել ու մեր առաջ ծառացած ճգնաժամը լուծել միայն ու միայն սահմանադրական ճանապարհով, քաղաքական քննարկումների միջոցով, համազգային համերաշխության պայմաններում՝ զերծ պահելով մեր ժողովրդին ազգակործան ցնցումներից:

Ելնելով այս ծանր կացությունից՝ Ռամկավար Ազատական Կուսակցությունը հորդորում է բոլոր կողմերին՝ չանցնել կարմիր գծերը, հանդես բերել զսպվածություն, ճգնաժամը լուծել բոլոր կողմերի հետ քաղաքական բանակցությունների միջոցով, քանզի գլխավորը մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն է:

Ստեղծված քաղաքական, սոցիալական անկայուն իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն գործող կառավարությունն է և երկրի վարչապետը, ուստի պահանջում ենք կառավարության և վարչապետի հրաժարականը և սահմանադրական ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, որը միաժամանակ կդառնա յուրօրինակ վստահության հանրաքվե և կարտահայտի ժողովրդի համամասնական կարծիքը քաղաքական տարբեր ուժերի հանդեպ:

Աստված պահապա՛ն Հայաստանին, Արցախին և ողջ հայ ժողովրդին»:

 

Տեսանյութեր

Լրահոս