Համախոհներն ասում են` գործը սարքված է. ուկրաինական Strana հրատարակության անդրադարձն Արա Սաղաթելյանի ձերբակալությանը

Ուկրաինական Strana հրատարակությունը անդրադարձել է հայտնի մեդիամենեջեր Արա Սաղաթելյանի ձերբակալությանը: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում, որտեղ բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը սկանդալ է սկիզբ առել Երևանի դատարանի կողմից Հայաստանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի կենտրոնի նախկին ղեկավար և Ազգային ժողովի ապարատի նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ և մեդիամենեջեր Արա Սաղաթելյանի ձերբակալության կապակցությամբ: Նրան մեղադրում են ֆեյսբուքյան որոշ կեղծ օգտահաշիվներ ղեկավարելու համար, որից բացասական տեղեկություններ են տարածվել երկրի ղեկավարության մասին: Միևնույն ժամանակ, ինքը՝ Արա Սաղաթելյանը, նրա պաշտպանական կողմը և ընկերները գործը համարում են լիովին սարքված իշխանությունների կողմից:

Փետրվարի 20-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր Արա Սաղաթելյանի գլխավորած հանցավոր խմբավորման բացահայտման մասին, որը, իբր, գործել է Facebook սոցիալական ցանցում ՝ հրապարակելով պետության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ «զրպարտիչ հաղորդագրություններ»:

Նա, իբր, այս խմբում ընդգրկել է իր գործընկեր Կարեն Բեքարյանին, վարորդ Մհեր Ավագյանին, Արամ Սարգսյանին և այլոց: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք Facebook-ում ստեղծել են «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտահաշիվը:

Արա Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները համարում են, որ մեղադրանքը սարքված է քաղաքական պատճառներով, քանի որ նա չի թաքցրել իր ընդդիմադիր տեսակետները երկրի ղեկավարության նկատմամբ: Փաստաբանների խոսքով՝ նա օգտահաշվի հետ կապ չունի, և հետաքննությունը ներգրավվածության վերաբերյալ որևէ ապացույց չունի:

Համախոհները նշում են նաև, որ Սաղաթելյանը տեղեկատվական մեծ աշխատանք է կատարել` ելնելով Հայաստանի շահերից:

Փետրվարի 23-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց տեղի է ունեցել ցույց` ի պաշտպանություն Սաղաթելյանի: Շենքի մուտքի դիմաց Սաղաթելյանի ղեկավարած Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի կողմից հրատարակված նյութեր էին ցուցադրվում, այդ թվում`տարբեր լեզուներով գրքեր և ֆիլմեր` Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին:

«Սա, կարծում եմ, Արա Սաղաթելյանի ղեկավարած տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնում մեր աշխատանքի 30 տոկոսն է` 2009-2018թթ. ժամանակահատվածում: Շատ բան անհնար է ներկայացնել, շատ բան դեռ չպետք է ասվի՝ ելնելով պետության շահերից: Եվ այն փաստը, որ նման անձնավորություն, այնպիսի արհեստավարժ և հայրենասեր, ինչպիսին Արա Սաղաթելյանն է, այժմ գտնվում է ճաղերի հետևում, լավագույնս է բնութագրում գործող իշխանությունների և նրանց ղեկավարի հակապետական և հակահայկական էությունը, գործունեությունն ու նպատակները»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս