Հայաստանի բարձր զինվորականությունը հայտարարություն է արել, ոչ թե հեղաշրջում․ Պարույր Հայրիկյան
«Նրանք, ովքեր ասում են, որ տեղի է ունեցել զինվորական հեղաշրջում, պետք է ուղղում կատարեն․ Հայաստանի բարձր զինվորականությունը հայտարարություն է արել։ Ճիշտ է, զինվորականները քաղաքական գործողություններին մասնակցելու իրավունք չունեն, բայց հայտարարություն անելու, վերաբերմունք արտահայտելու իրավունք ունեն, երբ դա վերաբերում է մասնագիտական խնդրին,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով,- Այսօրվա վարչապետը նաև գլխավոր հրամանատարն է, հետևաբար՝ մասնագետ զինվորականներն իրավունք ունեն վերաբերմունք արտահայտելու իրենց գլխավոր հրամանատարի նկատմամբ, որովհետև միայն գերատեսչական հարաբերությունների մասին չէ խոսքը, այլ հայրենիքի անվտանգության։
Այս հայտարարությունն իրենց դիրքորոշումն է արտահայտում, ինչպես արտահայտեց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, կաթողիկոսները, գիտնականները, մտավորականները։ Նման իրավիճակում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը զինվորականների հետ հակամարտություն ունեցավ՝ հրաժարական տվեց»։