Pfizer-ի պատվաստանյութի մեկ չափաբաժինը 62 տոկոսով արդյունավետ է ծանր COVID-19-ի դեմ
Pfizer եւ BioNTech ընկերությունների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն 92 տոկոսով արդյունավետ է երկու չափաբաժին ներարկելուց հետո ծանր հիվանդությունները կանխելու համար եւ 62 տոկոսով՝ առաջինից հետո, իսկ մահվան դեպքերը կանխելու համար ենթադրյալ արդյունավետությունը կազմել է 72 տոկոս: Այդ մասին հաղորդել է New England Journal of Medicine հանդեսը:
Փորձարկումները վկայում են, որ պատրաստուկը միեւնույն արդյունավետությունն ունի ինչպես 70-ից բարձր տարիքի մարդկանց մոտ, այնպես էլ երիտասարդների մոտ:
Պատվաստանյութը փորձարկվել է Clalit հետազոտական ինստիտուտի եւ Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան համալսարանի կողմից, հետազոտության ժամանակ գործի է դրվել է 16 եւ ավելի բարձր տարիքի գրեթե 600 հազար մարդ:
Երկու բժիշկ, Associated Press-ի համար մեկնաբանելով հետազոտության արդյունքները, կարծիք են հայտնել, որ նոր տվյալները կարող են խթանել պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի ներարկումը հետաձգելու հարցի քննարկումը:
Արդեն այդպես է փորձում անել Մեծ Բրիտանիան, որը երկրորդ ներարկումը հետաձգում է առաջինից հետո մինչեւ 12 շաբաթ ժամկետով՝ ապահովելու համար մեծ քանակությամբ մարդկանց պաշտպանության որոշակի մակարդակը: Ֆրանսիայում երկուսի փոխարեն մեկ չափաբաժին են ներարկում այն մարդկանց, որոնք արդեն հիվանդացել են COVID-19-ով, որպեսզի հավասարակշռեն պատրաստուկի մատակարարման սահմանափակումները եւ ավելացնեն պատվաստվողների թիվը, նշում է գործակալությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: