«Չեմ կարծում՝ սա կապ ունի «Իսկանդերի» հետ, սա կապ ունի բանակի սպասվող ռեֆորմների հետ». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ծանոթանալով Գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը, հասկացել է, որ ԳՇ-ն իր պահանջը կապում է Տիրան Խաչատրյանին պաշտոնից հեռացնելու հետ։
«Կներեք, բայց դուք աշխարհի ոչ մի երկրում նման բան չեք տեսնի, որ ԳՇ պետի տեղակալին պաշտոնից ազատեն, և դա դառնա բանակի, ըստ էության քաղաքական հայտարարության առիթ։ Պատերազմի ժամանակ նույնիսկ քաղաքական ուժեր կային, որ դիմում էին բանակին իշխանությունը վերցնելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա չի կարծում, որ միայն Տիրան Խաչատրյանին ազատելուց այս ամենը եղավ. «Կարծում եմ՝ սա եփած թեմա է, որը, իհարկե, վտանգներ պարունակում է իր մեջ։ Չեմ կարծում՝ սա կապ ունի «Իսկանդերի» հետ, սա կապ ունի բանակի սպասվող ռեֆորմների հետ։ ԳՇ հայտարարության տակ ստորագրած գեներալների մեծ մասը չի կարող մեր երկրի ճակատագիրը կապել Տիրան Խաչատրյանին աշխատանքից հանելու հետ»,- նշեց նա։
Իմքայլական պատգամավորը նաև շեշտեց, որ մեկ բան գիտի՝ երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից. «Հիմա մեր պարտությունների պատճառներն ավելի տեսանելի են դառնում։ Մենք կա՛մ կառուցում ենք մեր Զինված ուժերի մոտակա 5 տարիների հեռանկարը, կա՛մ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել։ Բայց ես լիահույս եմ, որ վատ օրերը մեզ չեն առաջնորդի, մենք գտնելու ենք Սողոմոնյան լուծում՝ այս խնդիրը լուծելու համար»,- շեշտեց նա։
Հարցին՝ իր համար պարզ է, թե ինչու աշխատանքից հեռացվեց Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հորդորեց նայել քարտեզը. «Նայեք քարտեզը և հարավային ուղղությամբ պատերազմի ընթացքում գործողությունների մեջ։ Ինձ համար այդ հայտարարությունն անակնկալ էր։ Վարչապետն է քաղաքացիներին հրավիրել հրապարակ, ինքը ուզում է խոսի, վա՞տ է»,- ընդգծեց պատգամավորը։