Բաժիններ՝

«Մաշադյանի խաղատուն գնալը հակաիրավական չէ. շատ հնարավոր է՝ ես էլ գնամ հանգստի ու ընկերների հրավերով գնամ խաղատուն». ՊԵԿ նախագահ

Պետական երկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը չի ցանկանում անդրադառնալ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի վերաբերյալ հրապարակումներին՝ նշելով, որ վերջինս այդ հրապարակումներին արդեն անդրադարձել է։

«Ռաֆիկ Մաշադյանը պարզաբանում տվել է, դրան ավելացնելու բան չունեմ։ Մենք ՊԵԿ-ում պարզեցինք այն, ինչ Ռաֆիկ Մաշադյանը ներկայացրել էր հանրությանը։

Եթե հաշվապահներն իրենց ձեռքի տակ եղած կանխիկ գումարը վերցնում ու գնում են խաղատուն, պետական մուտքերը ՊԵԿ-ում կանխիկ չեն մուտքագրվում, որ ինչ-որ մեկն էլ վերցնի ու գնա խաղատուն։ Խաղատուն գնալն ինքնին հակաիրավական արարք չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Հարցին՝ այն, որ Ռաֆիկ Մաշադյանը խաղատուն է գնում, դա ռիսկեր չի՞ պարունակում, ՊԵԿ նախագահը պատասխանեց, թե հասկանում է հարցի ենթատեքստը, սակայն այն իր մեջ ռիսկեր չի պարունակում։

«Կարծում եմ՝ սա ՊԵԿ վարկանիշի վրա չի ազդի։ Վարկանիշի վրա դա սուբյեկտիվ ընկալում , և յուրաքանչյուրի մոտ անհատական է։ Շատ հնարավոր է՝ ես էլ գնամ հանգստի ու ընկերների հրավերով ես էլ գնամ խաղատուն, դա որևէ հակաիրավական վարքագիծ իր մեջ չի պարունակում»

Հիշեցնենք, որ մամուլը վերջերս խաղատներից մեկից լուսանկար էր հրապարակել և գրել, որ Ռաֆիկ Մաշադյանը խաղատանն է։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ այդ բոլոր հարցերը քննարկման փուլում են և վերջնական պատկեր չունեն։

«ՊԵԿ-ն իր մասով մասնակից է այդ քննարկումներին, հաշվարկներ անել ուղղակի հնարավոր չէ, թե, օրինակ, ճանապարհը որտեղո՞վ է բացվելու, ի՞նչ տնտեսական հնարավորություններ են գործելու, երբ լինի ու ավարտվի, մենք բոլոր հարցերին կանդրադառնանք»,- եզրափակեց Էդվարդ Հովհաննիսյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս