Ռուստամ Բադասյանը հանձնաժողովից ժամանակ խնդրեց՝ նախագծի վերաբերյալ առաջարկներին ծանոթանալու համար
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Նախագիծը հեղինակել են իշխանական պատգամավորներ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արթուր Դավթյանը և Աննա Կարապետյանը։
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։
«Առաջարկություններ կան նախագծի հետ կապված, որոնք դեռ չենք հասցրել քննարկել, ուստի ավելի նպատակահարմար է հարցը քննարկել ավելի ուշ»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Հանձնաժողովում որոշեցին, որ հարցի քննարկումը կհետաձգեն մինչև 2 ամիս ժամկետով՝ նախագծի վերաբերյալ ներկայացրած առաջարկներին ծանոթանալու համար։
Նիստի օրակարգում ընդգրկված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նույն հիմնավորումներով, այսօր կրկին չքննարկվեց։
Նախագծի քննարկումը ևս մինչև 2 ամսով հետաձգվեց։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթի հեղինակների խոսքով՝ նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակային ապահովության կապակցությամբ առկա խնդիրների լուծումն է:
Ներկայում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով: