«Ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղումը». ՀՀ արտգործնախարար

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում է ԱԺ տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում մեկ հարց է՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում։

Նիստի ընթացքում Արա Այվազյանը վերահաստատեց, որ հայկական կողմը շարունակում է սատարել Արցախի հարցի կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը։

«Մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը՝ մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը։ Եվրասիական տարածաշրջանի վրա վստահաբար կազդի մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Դրա մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետում։ Հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի հանդիպման արդյունքով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ»,- իր խոսքում նշեց Արա Այվազյանը։

Ըստ նրա, ինչպես նշված է՝ եռակողմ հայտարարության մեջ, ճանապարհների ապաշրջափակումը պետք է կատարվի համապարփակ ձևով, ինչը հնարավորություն կտա օգտագործելու տարածաշրջանի ներուժը՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների։

«ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր ՀՀ-ն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման պետությունների միջև, պետությունների միջև ապահովման խորացման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացման։ Արդյունքում՝ մինչև 2020 թվականը, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման դրական միտումը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր, համավարակով պայմանավորված կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ-ի ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով։ 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով  ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ դոլար։ Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսություն կկրճատվի ևս 3,9 տոկոսով»,- հավելեց Արա Այվազյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, Ա. Այվազյանը նկատեց, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի հետ  առևտրաշրջանառությունը կրճատվել է 2 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս