Նիկոլ Փաշինյանը նույնիսկ քաղաքական լուրջ կուսակցական կառույցներ չունի. Վիգեն Հակոբյան
«Հայրենիքի փրկության շարժման» փետրվարի 20-ի հանրահավաքն անուղղակի ընկալվեց՝ որպես ընդդիմադիր ուժերի միասնական պայքարի նոր փուլ:
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ այդ հանրահավաքի գլխավոր նպատակներից մեկն արձանագրելն էր, որ եթե փակվի առաջին ճանապարհով միավորված ընդդիմության ծրագիրն իրականացնելու հնարավորությունը, ապա չի բացառվում ապստամբության ճանապարհը. «Ըստ էության, Վազգեն Մանուկյանի շուրթերից հնչեց երկու պլան՝ ինչպես ինքն էր անվանում՝ պլան Ա, պլան Բ: Կար զանգվածով ճնշման պլանը, որի իմաստն այն է, որ այնպիսի զանգվածներ լինեն, այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ փաստացի «իզգոյացնեն» այսօրվա իշխանություններին և նրանց սատարողներին, որի արդյունքում պետական ապարատը և, ամենակարևորը, ուժայինները, այլևս չեն ենթարկվի իշխանության հրահանգներին: Դա առայժմ իրենց գործող ծրագիրն է՝ պլան Ա կոչեցյալը: Բայց միևնույն ժամանակ՝ հնչեցվեց նաև այն թեզը, որ եթե այս քաղաքական պայքարի ճանապարհը չստացվի, ապա կա նաև, ինչպես ասաց Վազգեն Մանուկյանը, ապստամբության կայծակնային ճանապարհը:
Երբ դա հնչում է կարևոր հանգրվաններից մեկում՝ շարժման ռեստարտի ժամանակ, ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ, և հնչում է վարչապետի միասնական թեկնածուի կողմից, դա կարելի է և համարել պաշտոնական տեսակետ ընդդիմադիր ամբողջ այդ ֆորմատի»:
Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այդ մեսիջն ուղղված էր տատանվող հանրությանը, այն քաղաքացիներին, որոնք որոշակի դժգոհություն ունեն ընդդիմության գործողություններից՝ համարելով, որ նրանք շատ ակադեմիական մարտավարություն ունեն, իշխանությանը և մասնավորապես իշխանության ուժային թևին, որպեսզի ուժային թևն էլ ծանրութեթև անի՝ ի վերջո, բարիկադի որ կողմում է, և նաև արտաքին քաղաքական խաղաղացողներին, շահագրգիռ կողմերին, որ Հայաստանում նաև այս տարբերակն է դիտարկվում. շահագրգիռ կողմերը կարող են նաև սրա շուրջ մտորել, գուցե բանակցություններ վարել:
Անդրադառնալով հանրահավաքին ընդառաջ հայտնի՝ «ֆեյքի գործով» ձերբակալություններին, հարցաքննություններին ու կալանավորումներին՝ քաղաքագետը նշեց. «Կասկածից վեր է, որ այդտեղ կա քաղաքական ճնշման ձգտում:
Իմ տպավորությունն այնպիսին է, որ քանի որ իշխանական բուրգն այսօր, այդ թվում՝ ներառյալ ուժային կառույցները, հիմա մոնոլիտ կառույց չեն (որտեղ բոլորն իրար հետ կապված են, ենթարկվում են և այլն), քանի որ այնտեղ շատերն արդեն սեփական խաղն են խաղում, սեփական կապերն ունեն՝ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս, և շատերը նաև կարծում են, որ արդեն վաղուց սկսել են լրացուցիչ նոր կամուրջներ գցել, այդ թվում՝ նաև տարբեր քաղաքական բևեռներ, չի բացառվում, որ այն գործողությունները, որ հիմա իրականացրեցին, կարող է ինչ-որ ուժային կենտրոնի կամ ուժային բևեռի հետ կապված ինչ-որ գործողություն լինել: Այսինքն՝ շատ կոնկրետ թիրախավորված կարող է լինել»:
Մեր ճշգրտող հարցին, այսինքն՝ կոնկրետ վարչապետի հրահանգո՞վ եղած չլինի, նա արձագանքեց. «Կարող է և այդպես չլինի: Հիմա այդ կառավարման համակարգն այնքան թույլ է.․․ վարչապետ, պետական և ուժային ապարատ վերտիկալն այնքան թույլ է աշխատում, ինչպես պատերազմի ժամանակ (գեներալներից մեկն էր ասում, չէ՞), որ կարող է և ուղղակի հրահանգներ չլինեն, բայց լինի ինչ-որ նեղ խմբերի շահեր, որոնք իրականացնում են դա: Իհարկե, նաև նույն վարչապետին էլ կարող են ներկայացնել, որ դա արվում է հանուն սրա, բայց իրականում դրա տակ լինի նեղ անձնական, նեղ խմբակային շահեր:
Ես դա ասում եմ, որովհետև համակարգն այսօր այդպիսին է՝ շատ թույլ է կառավարվում նույն վարչապետի կողմից»:
Քաղաքագետի համոզմամբ՝ վարչական ռեսուրսը, որի մասին շատ է խոսվում, այդքան էլ վերահսկվող չէ. «Եվ վարչապետը դրա համար ստիպված է հիմա՝ անխուսափելի արտահերթ ընտրությունների շեմին, նոր վարչական ռեսուրս կառուցել՝ սկսած իր քաղաքական թիմից, որովհետև ինքը նույնիսկ չունի քաղաքական լուրջ կուսակցական կառույցներ:
Ընտրությունների ժամանակ այդ կառույցներն են ամենակարևորը. շատ ավելի կարևոր է, որպեսզի ամեն տեղական համայնքում ունենաս մարդիկ, ովքեր կարող են աշխատել, քան ունենաս 88 հոգի, որոնք քվեարկում են ընդամենը. այդ ժամանակ դա արդեն այդքան կարևոր չէ: Կարևորը՝ կառույցը լինի. հիմա ինքն այդ կառույցը չունի քաղաքական, դրա համար ասում են, չէ՞, որ հրահանգ է տվել, որ շատ արագ կուսակցական կառույցները համալրեն՝ մարդ ընդունեն, կառույցներ ստեղծեն: Դրանով է պայմանավորված, որ ինքը հիմա իր ադմինիստրացիայից սկսած՝ անընդհատ ինչ-որ մարդկանց է փոխում: Ինքը շատ լավ հասկանում է, որ վարչական այդ վերտիկալներն ու հորիզոնականները չեն աշխատում նորմալ»: