«Մեր իրավական տիրույթում այս պահին չգործող հոդվածի հիման վրա մարդկանց մեղադրանք է առաջադրվել». Գոհար Մելոյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը պնդեց, որ փետրվարի 19-ին իր աշխատասենյակը խուզարկվել է ապօրինի:

Հիշեցնենք՝ այդ օրն ԱԱԾ-ի՝ «Gagik Soghomonyan» կեղծ էջը ղեկավարողի փնտրտուքների արդյունքում մի շարք ընդդիմադիր գործիչների աշխատասենյակներում տեղի էր ունեցել խուզարկություն, ապա նրանց տարել էին ԱԱԾ, այդ թվում՝  նաև Գոհար Մելոյանին: ԱԱԾ տարվածներից 4-ին՝ Արա Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին, Կարեն Բեքարյանին և Մհեր Ավագյանին, ձերբակալել էին, առաջին երկուսը դատարանի որոշմամբ  կալանավորված են:

«Ես հասա աշխատասենյակ այն պահին, երբ արդեն քննչական գործողություն էր տեղի ունենում՝ խուզարկության տեսքով: Անմիջապես պահանջեցի, որ ծանոթացնեն քննչական գործողության իրավական հիմքին՝ դատարանի որոշմանը, քանի որ չէի էլ կարող ենթադրել, որ դատարանի որոշման հիման վրա չի իրականացվում խուզարկությունը, այլ քննիչի որոշման հիման վրա: Դա օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտում է, քանի որ աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին, իսկ այդ վայրերում խուզարկություն տեղի է ունենում դատարանի որոշման հիման վրա: Հրաժարվեցին ինձ ծանոթացնել որոշմանը, ուստի ամբողջ խուզարկության ընթացքում, դրանից հետո, ԱԱԾ տարվելուց, մինչև դուրս գալուս պահը տեղյակ չէի, թե ի՞նչ գործի շրջանակներում է այդ ամենն իրականացվում, ինչո՞վ է պայմանավորված ստեղծված իրավիճակը»,- ասաց Մելոյանը:

Սահմանադրագետի խոսքով՝ այս գործողությունները հիմնականում ուղղված էին Արա Սաղաթելյանի դեմ, որը  «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի համահիմնադիրներից է, սակայն ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել կենտրոնի աշխատանքների հետ և դրանք լիազորել է Գոհար Մելոյանին:

«Մեր աշխատասենյակները գտնվում են նույն շինությունում, սակայն Արա Սաղաթելյանը որևէ աղերս չի ունեցել մեր ՀԿ-ի հետ, իրենց գրասենյակում այլ կազմակերպություն է գտնվում, և ապօրինի էր այդ գրասենյակի խուզարկությունը: Խուզարկության որոշումը կայացված էր մեր կազմակերպության անվամբ, սակայն թիրախում Արա Սաղաթելյանն էր»,- ասաց Մելոյանը և պնդեց, որ իրենք ցուցմունք չեն տվել, չեն ստացել ո՛չ վկայի, ո՛չ կասկածյալի կարգավիճակ:

Սահմանադրագետը պատմեց, որ ԱԱԾ-ում իրեն անգամ թույլ չեն տվել օգտվել զանգի հնարավորությունից՝ այն դեպքում, երբ ունի երկու անչափահաս երեխա: Մելոյանի խոսքով՝ պարզվել է, որ  «Gagik Soghomonyan» կեղծ էջով ԱԱԾ-ն հետաքրքրվում է դեռ հոկտեմբերից:

«Պարզվում է՝ ԱԱԾ-ի կողմից քննչական մի շարք օպերատիվ հետախուզական գործողություններ են իրականացվել դեռևս հոկտեմբերի կեսից, պատերազմի թեժ շրջանից ԱԱԾ ուշադրության կենտրոնում ինչ-որ ֆեյք է եղել: Այդքան ռեսուրս են ծախսել, մինչդեռ հարյուրավոր փաստեր կան, որոնք վկայում են առնվազն պետական դավաճանության մասին, ունենք ողբերգալի հանգրվանով ավարտված պատերազմ, տասնյակ-հազարավոր վիրավորներ, հազարավոր զոհեր, գերեվարված, անտուն մնացած հայրենակիցներ»,- ասաց Մելոյանը և պնդեց, որ այժմ մեր պետության առաջնահերթությունը պետք է լիներ անհետ կորածներին գտնելը, գերիներին հայրենիք վերադարձնելը:

Սահմանադրագետն անձնական վիրավորանք է համարում իրեն այդ ֆեյքի հետ ասոցիացնելը, քանի որ, իր պնդմամբ, ինքը նման բառապաշար օգտագործել չէր կարող:

«Ես ոչ միայն չէի կարող նման գրառում անել, անգամ ինձ չէի կարող թույլ տալ նման գրառումներ ընթերցել: Սա այս իշխանության մեթոդիկան է, այդ վիրավորական հայհոյախառն արտահայտությունները հանրություն ներմուծել և այդպես բարոյալքել մեր հանրությանը: Նման բառապաշարն ուղղված է մեր հանրության արժեքաբանության դեմ և բարոյալքման հիմքերից է»,- ասաց նա:

Անդրադառնալով բուն գործին, որի շրջանակներում 4 մարդու մեղադրանք է առաջադրված՝ Մելոյանն ասաց, որ սա առնվազն ծաղրանքի մակարդակ է, և որևէ քննադատության չի դիմանում:

«Մեղադրանքի հիմքում Քրեական օրենսգրքով նախատեսված 3 հոդված է, ընդ որում, երկու հոդվածների մասով իմպերատիվ դրույթ է առկա, որ չեն կարող միաժամանակ միևնույն անձի նկատմամբ կիրառվել, այսինքն՝ պետք է կիրառվի կամ մեկը, կամ մյուսը: Մյուս հոդվածը՝ 307.4-ը, նախատեսված ռազմական դրության ժամանակ տեղեկատվություն տարածելու և ստանալու սահմանափակումների համար, ՍԴ-ի կողմից կասեցվել է, այսինքն՝ մեր իրավական տիրույթում այս պահին չգործող հոդվածի հիման վրա մարդկանց մեղադրանք է առաջադրվել, ընդ որում, արդեն 2 կալանավորված անձ ունենք»,- ասաց Մելոյանը:

Իսկ ինչո՞ւ են հենց այս 4 անձինք ձերբակալվել՝ «Gagik Soghomonyan»-ն լինելու կասկածով:

«Այդ 4 անձինք ընտրվել են՝ հաշվի առնելով VPN հավելվածից օգտվելու հանգամանքը:  VPN-ն ազատ հավելված է, որը մարդիկ կարող են ներբեռնել և օգտվել այլ պետությունների սերվերներից: Այս անձանց մեղադրանք է առաջադրվել, որովհետև,  ինչպես հասկացանք թե՛ ԱԱԾ-ի, թե՛ փաստաբանների հաղորդագրություններից, ԱԱԾ-ն ինֆորմացիա  է ունեցել, որ իբրև թե այդ «Gagik Soghomonyan» ֆեյքը մոլդովական տիրույթին է միացած եղել, և համընկել է, որ այս անձինք ևս միացած են եղել VPN հավելվածին մոլդովական տիրույթով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծիծաղելի է իրավիճակը: Բախտս բերել է, որ ես մոլդովական տիրույթին չեմ միացել, թե չէ ես էլ ձերբակալված կլինեի»,- ասաց Մելոյանը:

Սահմանադրագետը համարում է, որ կալանավորված Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է: Անդրադառնալով դատարանի՝ Կարեն Բեքարյանին կալանավորելու միջնորդությունը մերժելուն՝ Մելոյանն ասաց, որ հավանաբար այս դեպքում դատավորի վրա ճնշում չի գործադրվել:

«4 հոգուն ձերբակալելու երեկոյան մի քաղաքացի ֆեյսբուքյան տիրույթում գրառում է անում, որ ականջալուր է եղել խոսակցության մի սրճարանում, համաձայն որի՝ մի անձ բղավում է հեռախոսով, որ պետք է կալանավորելու վերաբերյալ որոշում կայացվի մեկ անձի՝ անկախ այն հանգամանքից, որ այդ անձն ունի անչափահաս երեխաներ: Այս գրառումից հետո փաստաբաններից մեկը գրառում  է կատարում, որ հենց հիմա դատարանը հեռացել է որոշում կայացնելու իր պաշտպանյալի վերաբերյալ՝ կալանավորելու միջնորդությունը բավարարե՞լ, թե՞ ոչ, որն ունի 3 անչափահաս երեխա: Գրառում կատարած քաղաքացին նույնականացրել էր, որ խոսքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի մասին է: Հետագայում ևս մեկ գրառում կատարեց, որ իր գրառումն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին, և  պատրաստակամություն հայտնեց որպես վկա ցուցմունք տալ: Ակնհայտ փաստ է առկա, որ դատարանի նախագահը ճնշում է գործադրել դատավորի վրա, որ նա կալանավորելու որոշում կայացնի»,- ասաց Մելոյանը:

Տեսանյութեր

Լրահոս