«Փետրվարի 1-2-ի դրությամբ 4 հոգու տեսակցել ենք, որոնց թվում կային նաև քաղաքացիական անձինք». Զառա Ամատունի

168.amը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե Ադրբեջանում պահվող Մարալ Նաջարյանից բացի, «Կարմիր խաչը» տեսակցե՞լ է մյուս քաղաքացիական անձանց հետ, նրանց ու հարազատների միջև կապ հաստատվե՞լ է։

Զառա Ամատունու խոսքով՝ քաղաքացիական անձանց հետ աշխատում են այնպես, ինչպես զինվորականների, այսինքն՝ երբ տեսակցում են զոնվորականների հետ և նրանց ու ընտանիքի անդամների միջև կապ են հաստատում, այնպես էլ քաղաքացիական անձանց դեպքում է։

«Չեմ կարող որևէ վիճակագրական տվյալ ասել, բայց կարող եմ հաստատել, որ այս օրերին ևս մենք հնարավորություն ունեցել ենք տեսակցել անձանց՝ զինվորականների և քաղաքացիական անձանց։ Օրինակ, փետրվարի 1-2-ի դրությամբ մենք հաստատեցինք, որ 4 հոգու տեսակցել ենք, որոնց թվում կային նաև քաղաքացիական անձինք։ Ինչ վերաբերում է հետագային, ապա այս պահի դրությամբ դա գործընթաց է, այսինքն՝ մենք ստանում ենք հաստատում և տեսակցում ենք։ Շատ կարևոր է, որ այդ մարդկանց հարազատները, թեև մենք հանրային հարթակում չենք հայտարարում անձանց թիվը կամ նրանց կարգավիճակը, բայց ընտանիքներն անմիջապես տեղեկացվում են մեր այցելությունների մասին։ Ինչպես նաև մենք տեղում ենք հնարավորություն տալիս մարդկանց կապ հաստատել ընտանիքների, հարազատների հետ, կամ իրենց անունից հարազատին փոխանցել հաղորդագրություն։ Այս առումով մեզ համար առաջնային է ընտանիքի հետ կապ հաստատելը»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Կարմիր Խաչի» աշխատակիցները տեսակցել էին Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ էին հայտնել նրա մասին:

Մարալ Նաջարյանն Ադրբեջանի կողմից գերեվարվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից  հետո, երբ Արցախ էր գնացել Բերձորից անձնական իրերը վերցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս