Դատարանը բավարարեց ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հայցադիմումը

Կառավարության որոշմամբ վերակազմակերպված (փաստացի վերացված) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 2020թ․ ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության նախարարության` Ս․Ռ․Գրիգորյանի հետ 2018թ. մայիսի 5-ին կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, ՀՀ Առողջապահության նախարարի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Ս․Ռ․Գրիգորյանին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի (վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության) տնօրենի պաշտոնում վերականգնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջների մասին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերի արդյունքում 2021թ․ փետրվարի 12-ին դատարանը վճռել է՝

Իրավաբանական ուժ չունեցող ճանաչել Ս․Ռ․Գրիգորյանի հետ 05.05․2018թ․ կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետը․

Անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանը․
Ս․Ռ․Գրիգորյանին վերականգնել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի (վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության) տնօրենի պաշտոնում․
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից (վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության) հօգուտ Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար․
Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ հայցվոր Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձել 250000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար.

Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։

Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս