«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի հայտարարությունը

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի հայտարարությունը.

«Հայ ժողովուրդը վերապրում է իր պատմության ճակատագրական ու ամենադժվար էջերից մեկը: Պատերազմում ունեցած տարածքային ու մարդկային ծանր կորուստները, հարյուր-հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերը, բանակին եւ տնտեսության հասցված ծանր հարվածները վտանգում են հայոց պետականության եւ ժողովրդի ապագան: Հարյուր-հազարավոր հայրենակիցներ, չտեսնելով որեւէ ապագա իրենց հայրենիքում, լքում են հայրենիքը` երկիրը դատարկվում է:

Այս արհավիրքը սկիզբ առավ 2018թ.֊ից խաբեությամբ ու ստով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի եւ նրա սորոսական խմբակի ապիկար եւ միտումնավոր հակապետական գործունեության արդյունքում: Հատկապես կարեւոր է ընդգծել վերոհիշյալ խմբակի հետեւողական գործողությունները մեր գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, անվստահության դաշտ մղելու նպատակով: Այդ ամենը արվում էր Փաշինյանի եւ իր հետ ժողովրդին խաբած սորոսականների քաղաքական տերերի ու պատվիրատուների հրահանգներով, որոնց խնդիրը եղել էր ու կա Ռուսաստանի դուրս մղումը Հայաստանից եւ մեր տարածաշրջանից:

Մեր Շարժման նպատակը ինչպես եւ հայտարարվել է հիմնադիր համաժողովում հանդիսանում է ձեւավորել հայ ժողովրդի միասնական տեսլականը մեր երկրի ապագայի վերաբերյալ: Մեր խորին համոզմամբ հայ ժողովրդի անվտանգ, ապահով, ազգային եւ բարեկեցիկ ապագան կապված է միմիայն Ռուսաստանի հետ որակապես նոր բարձր մակարդակի դաշինք ձեւավորելու հետ, ընդհուպ մինչեւ միութենական ձևաչափի միավորում ստեղծելը: Սակայն այդ ճանապարհին հիմնական խոչընդոտը հանդիսանում է իր էությամբ եւ գործունեությամբ հակառուսական իշխանությունը եւ նրա սորասական շրջապատը: Հետեւապես մեր առաջնային մարտավարական խնդիրը պետք է լինի երկիրը աղետի հասցրած, հայ ժողովրդի մեծ ստի զոհ դարձրած ու նրա ապագան հարցականի տակ դրած, պետության զարգացման հիմնական խոչընդոտը հանդիսացող ապօրինի իշխանություններից ազատվելը: Մենք պահանջում ենք վարչապետի, կառավարության, իրեն ծառայող ԱԺ խմբակցության եւ իրեն սպասարկող այլ պաշտոնյաների անհապաղ հրաժարականը: Իշխանության մեջ մնալով սրանք յուրաքանչյուր օր մոտեցնում են Հայաստան պետության վախճանը:

Միաժամանակ հայտարարում ենք մեր համերաշխությունը քաղաքական այն բոլոր ուժերի, շարժումների և կազմակերպությունների, աշխատանքային կոլեկտիվների և առանձին քաղաքացիների հետ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Երեւան, 18 փետրվարի, 2021թ.

Տեսանյութեր

Լրահոս