Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք․ կան դժվարանցանելի մի շարք ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։
Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում (բուք) տեղում է ձյուն։
Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա: