Արցախում ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արցախում քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
«Սույն թվականի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 2021 թվականի փետրվարի 13-ին Հանրապետության գլխավոր դատախազություն է ներկայացվել դիմումատուի բողոքը՝ հաղորդման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները` բողոքաբերի ներկայացրած դեպքի հանգամանքները պարզելու համար:
Ներկայացված հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 2021 թվականի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որոնցից մեկը ձերբակալվել է»,- մանրամասնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ Արցախի հանրապետության դատախազությունը և ողջ իրավապահ համակարգը պատրաստակամ են վճռական պայքար տանելու խոշտանգման դեպքերը բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում` պատշաճ միջոցներ ձեռնարկել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: