«Սերժ Սարգսյանը հետաքրքիր նրբություն ներկայացրեց». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այդքան էլ հակված չէ մեկնաբանելու «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ նշելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 23-ն Արցախում է եղել, և կարող է պատմել այն ամենի մասին, ինչ տեսել է։

«Վստահ եմ, որ մի խումբ մարդկանց համար այդ հարցազրույցից հետո գտնվել են տարբեր հարցերի պատասխաններ, բայց դրա հետ միասին՝ նոր հարցեր են ձևավորվել։ Ավելին՝ կողմնակից եմ, որպեսզի բոլորն էլ խոսեն, նույնիսկ նրանք, ովքեր այսօր չեն ուզում խոսել, նրանք առնվազն իրենց համար պետք է գրառում անեն, որպեսզի ապագայում ունենանք ազնիվ հատուցում»,- 168.amի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ միայն ուրախ կլինի, որ ՀՀ նախկին ղեկավարներն ավելի շատ խոսեն՝ նախագահները, վարչապետները, նախարարները, քանի որ հայտնած որևէ տեղեկություն ընդունում են ի գիտություն, վերամշակում ու հանգում այս կամ այն եզրակացության։

«Յուրաքանչյուր մարդ իր ստացած տեղեկությունների բազայի վրա, միևնույն է՝ հավատալու է նրան, ինչին ցանկանում է հավատալ, եթե մի բանի չի հավատում, անպայման փորձում է իր համար գտնել հիմնավոր ինչ-որ տեղեկություններ կամ ապացույցներ։

Բոլոր պետական գործիչները պետք է հասկանան, որ իրենց խոսքը պետք է ոչ միայն կատաստրոֆաների ժամանակ, այլև արժե, որ այդ խոսքը պարբերաբար լինի, հատկապես՝ ապագայի մասին, որպեսզի երիտասարդ սերունդը ոտքը քարին չխփի։ Ինչ վերաբերում է ինձ, ապա եթե չցանկանամ հավատալ այդ պատասխաններին, չեմ հավատա, նույնիսկ, ինչպես ասում են՝ աչքերով տեսածը։

Մեզ հետ հազարավոր բաներ են կատարվել, ամենաառաջին գաղափարներից մեկը, որ մեզ 2018 թվականի դեկտեմբերին ընտրություններից առաջ հազարավոր բաներ են խոստացել, ձայնագրություններն էլ կան, խոստումները մինչ այսօր չի կատարվել։ Գալիս ասում ես՝ այն քաղաքական թիմը, որը խոստումներ է տվել և կյանքի չի կարողանում կոչել, եղածն էլ ձեռքներիցս տարել է, պետք է հեռանա, հայտնվում են մարդիկ ու ասում՝ բացատրեք, թե ինչու իշխանությունը պետք է հեռանա։ Հիմա այդ մարդուն ինչ էլ բացատրես, չի հավատա, նա նույնիսկ չի էլ զգում, թե ինչ է կորցրել, որովհետև այդ հայրենիքի մասերում չի էլ եղել»,- հավելեց Թ. Պողոսյանը։

Ըստ նրա՝ այսօր որոշ մարդիկ խոսում են, թե Արցախը բեռ էր, տվեցին՝ ազատվեցին, այժմ էլ Սյունիքից են տանում, կրկին չեն հավատում։

Թևան Պողոսյանը չի ցանկանում անդրադառնալ հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի հարցազրույցն ուշացա՞ծ էր, թե՞ ոչ։ Ավելի լավ է՝ ուշացած, քան՝ երբեք, քանի որ, եթե Սերժ Սարգսյանը տարբեր հարցերի շուրջ չտար պատասխաններ, շատ ավելի վատ կլիներ։

«Ինքս եղել եմ Արցախի ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում։ Բանակցությունները նրա համար էին, որպեսզի կարողանայինք մեր շահերն առաջ տանեինք, այստեղ ամենակարևոր խնդիրն այն էր, որ, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը հետաքրքիր նրբություն ներկայացրեց, որ հայկական կողմը բանակցում էր, թե ինչ է ստանալու, այլ ոչ թե՝ ինչ է տալու։ Դրանից հետո պետք է հասկանայինք, թե արդյո՞ք մենք բանակցում էինք այն, որ հաջորդ սերունդներին կարողանայինք փոխանցել մեծացած Հայաստան, որը կարողացել է ապահովագրել իր սննդային ու պարենային անվտանգությունը, որի սահմանագիծն այնպիսին է, որն ունակ էին պաշտպանելու, Հայաստան, որի վրա կարող էին զարգանալ ու ավելի մեծ օրակարգեր ձևավորել»,- շեշտեց Թևան Պողոսյանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմից Արցախում արված մեծածավալ ներդրումներին, ապա Թևան Պողոսյանն այն դրական է գնահատում՝ ընդգծելով, որ միակ վատ բանն այն է եղել, որ Արցախում զարկ չի տրվել ժողովրդագրական զարգացմանը, որպեսզի 30 տարիների ընթացքում  Արցախի բնակչությունը չմնար այնքան, որքան եղել էր, այլ դառնար, օրինակ, 500 հազար։

«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հստակ ասաց, թե ինչ են բանակցել, իսկ երեք օր առաջ Ալիևը Լաչինում հայտարարեց, որ երբևէ չէր համաձայնվելու 5+2 տարբերակին։ Սա՝ մի տարբերակ, որ Ալիևն ասում է, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում, եթե իրեն չէին տալու Արցախն ամբողջովին։ Քանի անգամ եք լսել, որ Ալիևն ասել է, որ երբևէ չէին ընդունելու Արցախի անկախությունը, ինչը նշանակում է, որ ինչ էլ ուզում ես՝ բանակցի, Ադրբեջանի համար չկար ընդունելի որևէ տարբերակ։ Քանի՞ անգամ եք լսել Ալիևի կողմից այն գաղափարը, որ Սևանն էլ է իրենցը, Սյունիքն էլ, Երևանն էլ, քանի՞ անգամ եք լսել, որ Ալիևը նախաձեռնել է ստեղծել արևմտյան Ադրբեջանի կառավարություն։ Այսքանից հետո հասկանալի չէ՞, որ Ալիևն ունեցել է քաղաքական այլ նպատակ։ Ինչ ֆորմուլա էլ ներկայացնեին Ադրբեջանին, դա նրան չէր հետաքրքրելու, քանի որ ուներ քաղաքական որոշում՝ վերցնելու ամբողջ Արցախը, իսկ Հայաստանից էլ՝ Զանգեզուրը, Սևանը, դե, ապագայում էլ՝ Երևանը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս