«Սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում»․ Խնձորեսկի գյուղապետ

Երեկվանից համացանցում, և ոչ միայն, ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ցուցակը:

Պատերազմի ավարտից ի վեր՝ տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց, հայկական կողմից, մասնակցում են տեղաբնակները և բանակը. պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի. արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում:

Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում:

Հ.Գ. ՀՀ կառավարություն, լուրջ հարցերում մի՛ վռազիր, իսկ հավանությունն այդքան էլ քոնը չէ կարևոր, այլ՝ սահմանին ապրող գյուղացունը. ամեն ինչ պետք է համապատասխանի իրականությանը:

Երվանդ Մալունց
Խնձորեսկի գյուղապետ

Տեսանյութեր

Լրահոս