«Դուք հետ եք մնում ընդդիմությունից». Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը։

Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմելով նիստին ներկա իշխող խմբակցության պատգամավորներին՝ ասաց. «Եթե կա ինչ-որ պրոցես, որին մասնակցում ենք բոլորս, բայց մի մասը ցուցաբերում է պասիվ վերաբերմունք և չի մասնակցում, ինչպես, օրինակ, որ որոշում եք կայացրել Կառավարությանը հարցադրումներ չուղարկել, և դա գնալու է միայն մեր անունից, այդ պասիվությունը որևէ բան չի արդարացնում։ Մասնակցեք այդ պրոցեսին, եթե չեք մասնակցում, ապա ես անարդյունավետ եմ համարում մյուսների վարքագիծը, հարցերն ու մոտեցումները գրաքննության ենթարկելը։ Այն, ինչը դուք անում եք,  իրականում գրաքննություն է, որովհետև դուք որոշել եք, որ մեր հարցերը որակապես վատն են»։

Այնուհետև դիմելով քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանին, Անի Սամսոնյանը նշեց, թե ինչու նա չի ասում, որ յուրաքանչյուր հարց կազմելիս, իրենք ունեցել են խորը վերլուծական աշխատանք։ Նաև շեշտեց, որ հարցերը կազմելիս խորհրդակցել են մասնագետների հետ, հետևաբար՝ հանձնաժողովն այն խողովակն է, որի միջոցով մարդիկ կարողանում են իրենց հարցերն ուղարկել Կառավարությանը։

«Համավարակն արդեն մեր իրողությունն է, մենք ունենք թարմ տեղեկատվություն, և այդ տեղեկատվությունը շատ շտապ պետք է վերլուծել, համադրել և դրա արդյունքում ստանալ փաստաթուղթ։ Այսինքն՝ սպասել, որ համավարակն ավարտվի՝ կկորցնենք մեր ժամանակը,  չենք կարողանալու որևէ բան քննել։ Հարգելի գործընկերներ, եթե կարողանում եք մասնակցեք, եկեք միմյանց չգրաքննենք։ Դուք հետ եք մնում ընդդիմությունից, կա՛մ եկեք հասեք ընդդիմությանը, կա՛մ եկեք նույն հարցերով այս հանձնաժողովի արդյունավետության վրա բացասական մի ազդեք»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս