Ընկերների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց նաև բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնում էր, որ Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով մի տղամարդու հիվանդանոց է տեղափոխել։
Օպերատիվ խմբի մի մասը մեկնեց Բուզանդի փողոց, մյուսները՝ բժշկական կենտրոն։ Քրեական հետախույզները ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով նշված բնակարանից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 48-ամյա տանտիրոջն ու ևս երկու տղամարդու, որոնք տուժողի հետ նրա տուն էին գնացել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ երեք ընկերներով գնացել են Բուզանդի փողոցում բնակվող իրենց չորրորդ ընկերոջ տուն՝ կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումների։
Վիճել էին, քաշքշել իրար, որի ընթացքում տանտերը դանակահարել էր տուժողին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
48-ամյա կասկածյալը ձերբակալվել է։
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն։