Հրատապ փրկօղակ է պետք գցել. Գևորգ Սաֆարյանն ահազանգում է

Առաջատար տեխնոլոգիական արդյունաբերության մի շարք գործարարների ստեղծած «Գիտուժ» նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել գիտության պետական հատկացումներն ավելացնելու կարևորության վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է՝ «Գիտակցելով հզոր գիտական ներուժի առաջնահերթությունը երկրի անվտանգության և թռիչքային զարգացման համար, կոչ ենք անում Կառավարությանը և Ազգային ժողովին գիտատար տնտեսության և դրա համար անհրաժեշտ հզոր գիտության մասին բազմիցս կրկնվող խոսքերից անհապաղ անցնել կոնկրետ գործողությունների։ Մասնավորապես՝ 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ աստիճանաբար աճեցնել 2022թ. – բյուջեի առնվազն 2%, 2023թ. – բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած – բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%)»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Գիտուժ» նախաձեռնության նախաձեռնող, գործարար Գևորգ Սաֆարյանն ահազանգեց՝ ըստ կատարված ուսումնասիրությունների՝ մի քանի տարի անց առհասարակ գիտություն չենք ունենալու, և եթե հիմա չսկսենք գիտության երիտասարդացման գործընթաց, ապա 2025 թվականին լրջագույն խնդիրներ ենք ունենալու, հետևաբար, որպես հարկատու՝ պահանջում է Կառավարությունից ավելացնել գիտության ֆինանսավորումը։

«Տարբեր խնդիրներ լուծելու համար մեր պետությունը պարտք է վերցրել, բայց հարց է առաջանում, արդյո՞ք այդ գումարով արժեք են ստեղծել, կամ եթե հավելյալ արժեք չի ստեղծվել, ինչպե՞ս է հետո այդ պարտքը փակելու, մինչդեռ գիտությունը հենց այն ենթակառուցվածքն է, որը ստեղծում է այդ հավելյալ արժեքը։ Եթե գիտության ֆինանսավորումը չավելացվի, մենք չենք կարող ոչ միայն երազել հավելյալ արժեքի մասին, այլ նաև փրկել առհասարակ գիտությունը, հետևապես՝ առաջնային է դառնում հարցը, թե որոնք են այն առաջնահերթությունները, որոնք իր առաջ դնում է Կառավարությունը։ Մենք շեշտում ենք՝ հրատապ է գիտության ֆինանսավորումը, որպեսզի այս ոլորտը գրավիչ դառնա, ու երիտասարդները գնան այս ոլորտ։ Ինչ վերաբերում է գումար հայթայթելուն, ապա, օրինակ՝ 750 միլիոն եվրոյի եվրոպարտատոմսեր են թողարկել, կարելի էր, չէ՞, թողարկել 762 միլիոն եվրոյի»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։

Ըստ նրա՝ 2021 թվականի համար գիտության ֆինանսավորման ավելացում պահանջում են այնքան, որքան կազմում է, օրինակ, պարգևավճարների չափը։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս պետք է շահագրգռել 100 հազար դրամ աշխատավարձ ստացող երիտասարդին՝ զբաղվել գիտությամբ և ոչ թե՝ տեղափոխվել պետական համակարգ, որտեղ կստանա գիտնականի աշխատավարձից մի քանի անգամ բարձր աշխատավարձ և նաև պարգևավճար, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց.

«Կառավարությունն է այդ հարցը որոշում, ինքն էլ պետք է պատասխան տա։ Մենք ասում ենք՝ գիտությունը փրկօղակ գցելու հրատապ կարիք ունի»։

Ըստ նրա՝ փրկօղակի անհրաժեշտությունից բացի՝ կան նաև գիտության զարգացման վերաբերյալ տարբեր ծրագրեր, որոնք ընդամենը սպասում են ֆինանսավորման։

Գևորգ Սաֆարյանը հայտնեց, որ այս օրերին հանդիպումներ են ունենում պետական կառավարման համակարգի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց նպատակն է՝ հասնել գիտության ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտության ընկալմանը։

«Մենք այդ հանդիպումների ժամանակ փորձում ենք նաև հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել գիտնականների և բիզնեսմենների հանդիպումը, որպեսզի տեսնենք, թե նոր գիտելիքն ինչպես կարելի է ներդնել տնտեսության մեջ»,- ասաց նա։

Հարցին էլ՝ արդյո՞ք «Գիտուժ» նախաձեռնության անդամները նպատակ ունեն զբաղվել քաղաքականությամբ՝ Գևորգ Սաֆարյանը պատասխանեց, որ ինքը դեռ ցանկություն չունի զբաղվել քաղաքականությամբ։

«Ես պատրաստ չեմ, որովհետև քաղաքական գործիչ չեմ, դրանով չեմ զբաղվել։ Բայց ինչ-որ մասով կա անհրաժեշտություն, որ գիտնականը զբաղվի քաղաքականությամբ։ Օրինակ՝ ես ԱՏՁՄ անդամ եմ, մեր ռազմավարության 5 ճյուղերից մեկը գիտելիքահեն տնտեսություն ունենալն է, և որպեսզի մենք կարողանանք այդ հավելյալ արժեքը ստեղծել, մեզ պետք են բարձրակարգ մասնագետներ։ Կարծում եմ՝ այս գործընթացն ինքնին մասամբ քաղաքական գործընթաց է, որպեսզի մեր միության շահերը նաև պետական համակարգում ներկայացված լինեն»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս