Թուրքիան դեռ կտրուկ քայլերի չի գնալու և հետևելու է, թե ինչպես են իրականացվում բոլոր հետպատերազմյան պայմանավորվածությունները․ թուրք վերլուծաբան

«Հայաստանի պահանջատիրությունը և միջազգային ճանաչման հարցով Սփյուռքի ակտիվությունը մշտապես դիտարկվել է խնդիր Թուրքիայի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Թուրքիային ուղղված ուղերձներին։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել էր, որ Թուրքիան այլևս պատճառներ չունի ՀՀ-ի հետ սահմանը փակ պահելու համար։ Ըստ նրա, վիճակը, անշուշտ, բարդ է, բայց հայկական կողմի հիմնական նպատակն է՝ անել ամեն ինչ․ որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության մթնոլորտը գնալով ամրապնդվի։

Նա նշել էր, որ որպես պետություն՝ Հայաստանը պետք է ձգտի, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա։ Հայաստանում թուրքական քաղաքականության մասնագետները քննադատեցին նախարարի այս մեկնաբանությունները՝ նշելով, որ Թուրքիայի նախապայմանները չեն սահմանափակվում Արցախյան հարցով, ավելին, Թուրքիան շարունակում է թշնամական պետություն լինել Հայաստանի համար։

Թուրք վերլուծաբանն ասաց, որ հայ-թուրքական բարձրաստիճան սուր հռետորաբանության փոխարեն՝ ավելի դրական տրամադրվածությամբ լի դիրքորոշումները մշտապես հուսադրող են և դրական։

Ըստ նրա՝ շատ քաղաքական և քաղաքագիտական շրջանակներ են Թուրքիայում մշտապես դեմ եղել նրան, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ղարաբաղյան հարցով։ Սակայն, բնականաբար, Աքթարի խոսքով՝ Հայաստանի պահանջատիրությունը և միջազգային ճանաչման հարցով Սփյուռքի ակտիվությունը մշտապես դիտարկվել է խնդիր Թուրքիայի համար։

«Հենց այդ պատճառով մեր իշխանությունները որոշ զգուշավոր հայտարարություններ արեցին, բայց դեռ սպասում են արձագանքների Երևանից։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ սա ինչպես է ընկալվել, այնուամենայնիվ, կարծում եմ՝ չեզոք, որովհետև կարծես քայլ է ակնկալվում Անկարայից, իսկ Անկարան, հասկանալի չէ, թե կանի՞ արդյոք քայլ, թե՞ ոչ։ Ներկայումս պետք է հստակ նաև ասել, որ Թուրքիան դեռ կտրուկ քայլերի չի գնալու և հետևելու է, թե ինչպես են իրականացվում բոլոր հետպատերազմյան պայմանավորվածությունները։

Կարծում եմ՝ հայ-թուրքական կարգավորումից խոսելը դեռ վաղ է, քանի որ կարծես առաջին պլան է եկել ապաշրջափակման թեման, որի շրջանակում տրամաբանական է, որ քննարկվի նաև հայ-թուրքական սահմանի հարցը, սակայն այդ հարցում դեռ կողմերը սպասելու են ազդակների։ Բնականաբար, Թուրքիան ավելի համարձակ կզգա, եթե ճանաչման և պահանջատիրության հարցն անընդհատ չշեշտվի, Թուրքիայի դերից տարածաշրջանում չխոսվի։ Բայց մի հայտարարությունից հեռահար հնարավոր զարգացումներ կանխատեսելը դեռ բարդ է, քանի որ դա դեռ չի ենթադրում Երևանի քաղաքականության փոփոխություն։ Կարող ենք ասել նաև, որ գուցե այլ շեշտադրումներ են արվել, մեկ այլ անգամ այլ շեշտադրումներ արվեն, տեսնենք, թե ինչպես կընթանա ավելի լայն գործընթացը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս