Բաժիններ՝

Հայաստանի տարածքում զգացված երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցեր. Նիկոլայ Գրիգորյան

Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստիպված էլի հիշեցնում եմ:

Պարտադիր, անհրաժեշտ, հետաքրքիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԶԳԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Պատասխանները Արտակարգ ալիքի ՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ գրքից:

Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լա՞վ են, թե՞ վատ:

– Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ երկրաշարժերը երբեմն նպաստում են էներգիայի պարպմանը:

Կա՞ արդյոք ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժերի տեղի ունենալու պարբերականություն:

– Չկա: Ուժեղ երկրաշարժերի պարբերականության մասին կարելի է խոսել միայն սեյսմաակտիվ մեծ տարածաշրջանների համար: Փոքր տարածքների համար, ինչպիսին Հայաստանն է, այս հարցի դրվածքը կոռեկտ չէ:

Հնարավո՞ր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը.

– Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Ի՞նչ առավելագույն ուժի երկրաշարժ կարող է տեղի ունենալ ՀՀ տարածքում.

– Ըստ մասնագիտական գնահատումների՝ ՀՀ-ում հնարավոր երկրաշարժի առավելագույն մագնիտուդն` ըստ Ռիխտերի սանդղակի, կարող է հասնել միչև 7,5 միավորի, կամ 10 բալի: Այս ուժի երկրաշարժերը շատ քիչ են, և դրանք կարող են տեղի ունենալ միայն տարածաշրջանային ակտիվ բեկվածքների որոշ գոտիներում:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը.

– Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս