«Ոչ Նիկոլին, էդ հաստատ. Ինքը սուտ խոսաց, բան էլ չարեց». քաղաքացիները՝ ընտրությունների ու իշխանափոխության մասին
Փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, և «Իմ քայլը» շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին: Այս ամենին զուգահեռ՝ «Հայրենիք փրկության շարժումը» կրկին դուրս է գալիս փողոցային պայքարի, նախաձեռնում հանրահավաքներ:
168.am-ը Երևանում անցորդներից հետաքրքրվեց, թե կա՞ իշխանափոխության անհրաժեշտություն, ինչպե՞ս են գնահատում գործող իշխանության աշխատանքը և արդյո՞ք պատրաստ են արտահերթ ընտրությունների, ու ո՞ւմ կընտրեին այդ դեպքում:
Հարցին, թե ում կընտրեին քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի օրը լինեին արտահերթ ընտրությունները, մեծամասնությունը պատասխանում էր, որ չի ընտրի գործող իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, բայց հստակ որոշում չուներ, թե ում կընտրի:
«Ոչ Նիկոլին, էդ հաստատ: Մնացածը, թե որ իշխանությունը կլինի, համենայն դեպս, ոչ ներկա իշխանությունը… Սկզբից իր նկատմամբ հույս ունեի, ու չարդարացրեց, չարդարացրեց ոչ մի պարագայում: Ինքը սուտ խոսաց, բան էլ չարեց»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Վազգեն Մանուկյանին… դե հուսախաբ եղանք, ճիշտն ասած: 2 տարի առաջ մենք ձայն տվեցինք, հույս ունեինք, որ լավ կապրենք, թոշակներ կբարձրացնեն, ամեն ինչ լավ կլինի: Անցավ 3-րդ տարին, ոչ մի փոփոխություն չկա: Գնալով ավելի ա մեր վիճակները վատանում: Ստիպված հիմա Վազգեն Մանուկյանն ա մեր հույսը մնացել, տենանք՝ ինչ կարա, մի բան անի, փրկի մեզ, թե չէ թոշակով ապրել չի լինում: Սաղ գները թանկացել ա, ամեն ինչը թանկացել ա: Ձեթից բռնած: Դուք էլ մեզնից լավ գիտեք՝ ինչքան ա թանկացել: Ապրելը շատ դժվար ա դառել, ժողովրդի համար ապրելը շատ դժվար ա»,- հարցին ի պատասխան՝ դժգոհեց մեկ այլ քաղաքացի:
«Ում ուզում ես՝ ընտրի, մենակ Փաշինյանին տարեք, կոխեք էն ցեխը: Խաբեց ժողովրդին, չի ուզում գնա: Մեկ ա, սատկացնեն դրան էլ, Աննային էլ, որ տարին էլ լինի: Դրա գերեզմանին մեկը չի գնա»,- ասաց մի այլ քաղաքացի:
«Միանշանակ Փաշինյանի: Որ ինքը ամենամաքուրն ա, ամենաազնիվը, նվիրվածը, դրանում խոսք չկա: Եթե ես հասկանամ, որ եկող էն մարդը, որից, ես ուզում եմ՝ լինի, բնական է, իրեն չեմ ընտրի: Բայց քանի որ նման պարագայում միայն դիմացինները, որոնց անունը լսել անգամ չեմ ուզում, ստիպված եմ, ստիպված եմ էդ քայլին գնալու»,- նշեց հարցված քաղաքացիներից մեկը:
«Նոր մարդ եմ սպասում: Լրիվ նեյտրալ մարդ, որ ո՛չ քավոր, ո՛չ սանիկ, ո՛չ պատերազմը կորցրած կամ հանձնած: Էդպես մարդ չլինի: Մաքուր, արդար մարդ: Շատ կան, մեր երկրում շատ կան մարդիկ, ուղղակի փնտրել ա պետք, ուղղակի պետք ա, որ մեջտեղ դուրս գան էդ մարդիկ ու իրենց խոսքն ասեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
«Պետությունը կորցրինք, պրծանք, էլ ի՞նչ: Պետականություն որ ունենանք, ընտրությունների մասին կարելի է մտածել… Մենք կռվող ազգ չենք, ցույց տվեց վերջին պատերազմը, որ մենք կռվող չենք: Պարտվել ենք մենք, իզուր դավաճաններ ենք փնտրում, մեկ էլ՝ դաշնակիցներ ու թշնամիներ: Մենք չկռվեցինք, դրա համար պարտվեցինք: Իսկ իշխանություն մենք չունենք, տևական ժամանակ ա, որ չունենք: կոլխոզի նման ապրում ենք»,- ասաց մի ուրիշ քաղաքացի՝ նշելով, թե անտարբերությունն ու վախն է պատճառը, որ հանրության մեծ մասն այսօր դուրս չի գալիս փողոց:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունն այն համոզման էր, որ պետք է լինի իշխանափոխություն, գա նոր իշխանություն, որովհետև գործող իշխանությունն իր տված խոստումները չի կատարել:
«Անպայման պետք է լինի… Եթե խոսք տվեց, 3 տարի անցել ա, ոչ մի բան չի կատարել, էլ ի՞նչ կարանք անենք մենք: 3 տարի անցավ, մի փոփոխություն չենք զգում: Գնալով ամեն ինչը վատանում ա: Թանկությունը՝ մի կողմից, ժողովուրդը չի կարում ապրի, թոշակները չեն բարձրացնում, մենակ իրենց մասին են մտածում… Թոշակով էլ կոմունալ վարձերը մուծում ես՝ մի 20-25 հազար, տակը բան չի մնում: Դե արի՝ 15-20 հազարով ապրի: Ինչո՞վ ապրես… Մեր հոյակապ հողերը տվինք թուրքերին, խի՞: Դա մեր պապական հողերն ա եղել: Էնտեղ թուրքը հող չի ունեցել կյանքում: Մենք 5000 տարվա պատմություն ունենք, թուրքը ե՞րբ ա եղել, Ադրբեջանը ե՞րբ ա գոյություն ունեցել, 100 տարվա պետություն ա: Հո՞ղ ա ունեցել կյանքում, որ նրան հող են տալիս»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Բացասական եմ վերաբերվում գործող իշխանության յուրաքանչյուր որոշմանը… Մեզ ավելի նպատակասլաց, երկրի համար վճռորոշ, ամուր քաղաքականություն վարող կառավարություն է պետք… Եթե ներկան մնա, ինձ համար դա վատթարագույնն ա»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
«Կողմ եմ ընդդիմության կեցվածքին: Ներկա իշխանությունները ոչ մի բան չարին, պատերազմը տանուլ տվին, տնտեսությունը կործանեցին, ես ոչ մի լավ բան չտեսա դրանցից: Ոչ մի լավ բան»,- ասաց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը:
Մեր հարցերին պատասխանած մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ հնարավոր ընտրություններում ոչ մեկին չի ընտրի, վստահություն չունի ոչ մեկի նկատմամբ: Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ Հայաստանին այսօր անհրաժեշտ է այնպիսի ղեկավար, որը կառաջնորդվի ազգային նպատակներով և առաջին հերթին կմտածի Հայաստանի անվտանգության մասին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում