Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի. Շարմազանով
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է շատ ավելի վաղ խոսեր, պարզապես պատերազմը, այնուհետև՝ անձնական ողբերգությունը, հետո էլ կորոնավիրուս տարավ, հետաձգեցին նրա հարցազրույցները»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այո, առաջիկայում պարոն նախագահը կխոսի հիմնականում արցախյան թեմայի վերաբերյալ, բայց չեմ բացառում, որ այդ հարցազրույցները պարբերական բնույթ կրեն, որովհետև ես կարծում եմ, որ մեր բոլոր երեք նախագահները, բոլոր վարչապետները, պաշտպանության բոլոր նախարարները, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց լուման են ներդրել անկախ Հայաստանի և հայկական Արցախի կայացման համար, չեն կարող և չպետք է անմասն մնան ազգային այս պայքարից: Դուք տեսնում եք, որ այս պայքարում ՀՀԿ-ն, մի կողմ դրած իր կուսակցական շահը, զերծ մնալով վերմակն իր վրա քաշելուց, պայքարել ու պայքարելու է մինչև վերջ: Այդ ամենը մենք անում ենք մեր նախագահի գլխավորությամբ»,- նշեց Շարմազանովը:
Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ պետք է սառեցնել ներքաղաքական տարաձայնություններն ու պայքարել:
«Պետության և իշխանության հիմնական գործառույթը սահմանների անառիկությունն է, քաղաքացիների ու պետության անվտանգության ապահովումն է: Այս մարդն իր թիմով ապացուցել է, որ ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլ նաև ՀՀ քաղաքացիների»,- ասաց նա: