«Որքան էլ իրենց թվա, թե հասարակության մեջ իրենց հեռացման պահանջ չկա, միևնույն է, հեռանալու են»․ Ստեփան Ստեփանյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել՝ պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և երբ խորհրդարանում Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնում է այլ խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել է իր առաջնային պահանջից՝ Փաշինյանի հրաժարականից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմի ավարտից հետո կապիտուլյանտ իշխանության պաշտոնավարման պատճառների մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանը։

Վերջինս պնդում է՝ իրենք Փաշինյանի հրաժարականի հարցում հույս են կապում հասարակության հետ, ուստի այդ պահանջը հիմա պետք է ձևավորվի հենց հասարակության մոտ։

«Այս իշխանությունը որևէ բան չի կարող անել, որ մեզ վերադարձնի մինչ սեպտեմբերի 27-ի Հայաստանը, վերադարձնի Արցախը, հետևաբար՝ պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը։ Այսօր կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, և մեր կուսակցությունն էլ ասել է, որ հենց այսօր էլ պատրաստ ենք ընտրություների։ Բայց Փաշինյանը դիմեց հոգեբանական հնարքների, առաջարկեց հուշագիր ստորագրել, որ Էդմոն Մարուքյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվի։ Այսօր այս իշխանությունն ունի այնքան քվե, որը երբեք էլ չի ունենալու, դրա համար էլ հրաժարվեց արտահերթ ընտրությունների մտքից, թեև ես չեմ բացառում, որ, եթե համաձայնեինք էլ, հուշագիր ստորագրեինք, դարձյալ ընտրության չգնային, այլ պատճառ ասեին, որովհետև պարզ մաթեմատիկական հաշվարկ է, այսքան քվե նրանք երբեք չեն ստանա։ Ես չեմ հավատում, որ արտահերթ ընտրությունների թեման մինչև հունիս ամիսը փակվել է։ Ես դրանց լուրջ չեմ վերաբերվում, չի բացառվում, որ 20 օր հետո էլ ներկայացնեն, թե կա արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջ, ուստի կրկնում եմ՝ մենք շարունակում ենք պատրաստվել ընտրությունների»,- ասաց Ստեփանյանը։

Պատգամավորը համաձայն չէ, որ մինչ իրենք սպասում են, որ հասարակությունը դուրս գա ընկճախտից ու ձևավորի Փաշինյանին հեռացնելու հանրային պահանջ, այդ նույն ժամանակն իշխանությունն օգտագործի իր դիրքերն ամրապնդելու համար։

«Ի՞նչ է նշանակում՝ ամրապնդելու են դիրքերը, երբ հասարակության մոտ այդ պահանջը ձևավորվեց՝ գնալու են։ Եթե նրանք կարողանան իրենց դիրքերն այնպես ամրապնդեն, որ կարողանան վերադարձնել Արցախը, ապա թող ամրապնդեն, բայց դա տեղի ունենալ չի կարող, հետևաբար, որքան էլ փորձեն ամրապնդվել, ու իրենց թվա, թե հասարակության մեջ իրենց հեռացման պահանջ չկա, միևնույն է, հեռանալու են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ չհամաձայնելով նաև այն կարծիքի հետ, որ ամեն անգամ երրորդ ուղին ընտրելու և ընդգծված ընդդիմադիր կեցվածք չունենալու հետևանքով գուցե հաջորդ խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» այլևս հաջորդ արտահերթ ընտրությունների ժամանակ խորհրդարանում չհայտնվի։

«Այլ կարծիքներ էլ կան, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաջորդ խորհրդարանում, հաջորդ ընտրություններին զբաղեցնելու է առաջին հորիզոնականը»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ կատարած ո՞ր աշխատանքի համար է հայտնվելու առաջին հորիզոնականում, պատգամավորը պատասխանեց.

«Էդմոն Մարուքյանի 2012 թ. պատգամավոր ընտրվելուց մինչ այս պահն արած աշխատանքի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս