«Ո՞վ հիմա կարող է հստակ ժամկետ ասել՝ դա իրականությանը կարող է և չհամապատասխանել». Կարեն Սարուխանյանը՝ գերիների վերադարձի մասին

Երեկ մի շարք գյումրեցիներ փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից վերադարձնել Ադրբեջանում գերության մեջ հայտնված գյումրեցիներին, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո:

168.amի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանն ասաց, որ բնակիչները հստակ իրենց պահանջը ձևակերպել են՝ պետք է գերության մեջ գտնվող տղաներին, եղբայրներին վերադարձնեն:

«Այս պահանջը բոլորս հասկանում ենք, որոշ մարդիկ ցանկանում են այդ ամենը քաղաքականացնել, բայց իրականում այդտեղ քաղաքական ոչինչ չկա: Նույնիսկ ծնողներն այնքան ադեկվատ են, որ չեն թույլատրում, որպեսզի այդ ամենը լուսաբանվի և հրապարակվի՝ հաշվի առնելով, որ հարևան երկրում այդ ամենը տեսնող կա: Երեկ վարչապետն ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց, որ կարիք չկա նման պահանջ ներկայացնելու, որովհետև այդ պահանջը, այդ ամենի գիտակցումը մեզ մոտ է, ամենօրյա ռեժիմով իշխանություններն աշխատում են, որպեսզի տղաներն օր առաջ վերադառնան իրենց հայրենիք»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ հետաքրքրվե՞լ է՝ ինչո՞ւ են հայ գերիներին մաս-մաս վերադարձնում հայրենիք, Կարեն Սարուխանյանը պատասխանեց, որ չի ցանկանում այդ մասին հրապարակային խոսել՝ միաժամանակ նշելով, որ՝ չգիտի պատճառը.

«Պատճառն էլ չգիտեմ, քանի որ անձամբ ես այդ բանակցություններին, պրոցեսին չեմ մասնակցում: Անցած պրոցեսին 5 հոգի Գյումրիից գերի վերադարձավ, հիմա 3 հոգի են մեր մարզից, այսինքն՝ 54 հոգի դեռ կան մեր մարզից, այն 62 հոգուց, որոնք ՄՈԲ-ից հայտնվել էին գերության մեջ»:

Հարցին էլ, թե իշխանությունն ի վիճակի՞ է հայրենիք վերադարձնել գերիներին, գոնե մեկ ամսվա ընթացքում, Կարեն Սարուխանյանը պատասխանեց.

«Ո՞վ հիմա կարող է հստակ ժամկետ ասել, ես կարող եմ ասել, որ դա իրականությանը կարող է և չհամապատասխանել, որովհետև բանակցություններն ընթանում են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս