Թե իմ տղան զոհված ա, ոսկորները տվեք. ես էլ կորցնելու բան չունեմ. անհետ կորած զինծառայողի ծնող

Գորիսից Արտավազդ Խաչատրյանը մեկն է այն ծնողներից, որը մոտ 4 ամիս տեղեկություն չունի իր տղայից: Անհետ կորած զինծառայողի հոր խոսքով՝ հոկտեմբերի 25-ին Ֆիզուլիի տարածքից 7 հոգի են փրկվել, եղել են վիրավորներ՝ մեկ տասնյակից ավելի, որոնց իր տղան փրկել է: Ինքն է գտել վիրավորներին, խոսել է նաև 7 փրկվածներին հետ, բայց մինչև հիմա անորոշության մեջ է: Նրա խոսքով՝ մեկ մարդ է տեսել, թե տղան մահացել է, բայց դա ոչ հավանական է:

«Մտել ենք Կարմիր խաչ ու նախարարություն, քարտեզով տեղը ցույց տվել նոյեմբերի 15-ին: Նոյեմբերի 20-ին Ստեփանակերտ եմ եղել, 20-ին Կարմիր Խաչը ռուս խաղաղապահների հետ միասին հանել են, տեղափոխել Գորիս՝ 3 գազել, 36 հոգի: Գորիսից ցրել են տարբեր մորգեր: 3 կռուգ ես արդեն մորգերը ֆռռացել եմ…

36 հոգուց 6 հոգին մինչև Նոր տարին են հողին հանձնվել, 36 հոգին, որ հանել են՝ 26 օր հետո են հանել, անճանաչելի են եղել, հնարավոր ա, որ իմ տղան էլ մեջը լինի: 26 օր էնտեղ են մնացել, համարյա 3 ամիս՝ էստեղի մորգերում…

Տղուս չեմ կարողանում ճարեմ, բերել եմ, հասցրել Գորիս, 2-րդ անգամ կորցրել եմ: 26 օր թուրքի հողում մնաց, 3 ամիս ա՝ Հայաստանում եմ կորցրել: Ո՞վ պիտի պատասխան տա»,- լրագրողներին պատմում էր Արտավազդ Խաչատրյանը:

Անհետ կորածի հոր խոսքով՝ դիահերձարաններում փոխվել են դիակների կոդերը, նախ փոխվել են՝ Արցախից Գորիս հասնելու, ապա՝ Արցախից Կապան հասնելու ժամանակ: Հայրը գտել է բոլոր կոդերը, բայց դեռ չի կարողանում պարզել՝ արդյո՞ք իր տղան այդ շարքում է:

«Եթե զոհված ա, տվեք ոսկորները: Իմ համար տարբերություն չկա՝ նախկինները, ներկաները: Տանեմ՝ հողին հանձնեմ: Ո՛չ մերս ա տեղյակ, էսօրվանից հետո տեղյակ ա լինելու: Եթե գերիների մեջ ա, գոնե իմանամ՝ գերիների մեջ ա: Ես էլ եմ առաջին պատերազմին մասնակցել: Էսօր Գորիսից՝ Էյվազլար գյուղից մինչև Կարմրաքար թուրքն ա կանգնած՝ ռուսի հետ: Մենակ Շուռնուխում են կանգնած հայերը՝ հայ գյուղացիները: Էդ զոհերը, եթե մի քանի հոգի 5 մատի նման գիտեն, մեկը ես եմ:

Առաջին պատերազմին էլ եմ կորցրել, երկրորդին էլ, էս պատերազմում կորցրել եմ տղուս, ընկերներիս ու ընկերներիս տղերքին: Իմ համար տարբերություն չկա: Ես հարց եմ տալիս՝ եթե որևէ մեկին՝ նախկին ու ներկա կառավարության, երեխեքը զոհված լինեին, քանի՞ ժամվա մեջ իրանց անձնական սամալյոտով ԴՆԹ կանեին, կբերեին, քանի՞ ժամվա մեջ: Բայց ես շատ եմ կասկածում: Իրանց տղերքը չեն կարա զոհվեն: Իրանց տղերքը կարան սեփական կազինոներում ու ստրիպտիզներում կայֆավատ լինեն: Մեր նմանները կարան զոհվեն, մեր նմանների երեխեքը:

Ես էլ չեմ լռելու, հերիք ա: Ես ուզում եմ իմանամ՝ տղաս զոհվա՞ծ ա, ոսկորները տվեք: Տարան՝ մատաղի տվին, տարան մեր երեխեքին, մեր ընկերներին մատաղի տվին: Ես շատ ընկերներ եմ կորցրել, ու ես կորցնելու բան չունեմ, միակ տղուս եմ կորցրել»,- պատմում էր Արտավազդ Խաչատրյանը:

Անհետ կորածի հոր խոսքով՝ բոլոր դիահերձարաններում 3 անգամ եղել է, ականատես է եղել սարսափ ֆիլմերում ցուցադրվող տեսարաններից առավել սահմռկեցուցիչ տեսարանների, այցելել է բոլոր պատկան մարմիններ, բայց անօգուտ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս