Բաժիններ՝

Գրանթ Թորնթոնը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը՝ ուղղված հայաստանյան կազմակերպություններին

Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, ինչպես նաև գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ:

Նախաձեռնության հեղինակ, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերության ղեկավար Գուրգեն Հակոբյանը մեկնաբանում է. «2020 թվականը ծանր տարի էր հատկապես Հայաստանի համար. համավարակով պայմանավորված որոշակի բարդություններ ստեղծվեցին, որին հետևեց պատերազմը: Ստեղծված իրավիճակում գիտակցելով ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ յուրաքանչյուրիս կողմից ձեռնարկած միջոցների կարևորությունը՝ պատերազմի սկզբում որոշեցինք միանալ «Մեկը երկու դարձնենք» ծրագրին և մեր կազմակերպության աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Հետագայում, ցանկանալով շարունակական աջակցություն ցուցաբել պատերազմի հետևանքով տուժածներին՝ որոշում կայացրեցինք հանդես գալ մեր սեփական նախաձեռնությամբ և հրավիրել այլ կազմակերպություններին հետևել մեր օրինակին»:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի պաշպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորներին կամ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու առաքելությամբ։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշում է, որ  Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում  553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։

«Հիմնադրամը շարունակում է կատարել իր առաքելությունը` յուրաքանչյուր շաբաթ ավելի քան 100 նոր հատուցում տրամադրելու խոստումով: Սակայն, ցավոք սրտի, հիմնադրամի ֆինանսական միջոցների և պարտավորությունների միջև անդունդը մեծացել է։ Իր առջև ծառացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու և բոլոր շահառուներին կայուն և հավասար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հիմնադրամն ունի աջակցության կարիք: Այս կոնտեքստում կարևորում ենք Գրանթ Թորնթոնի նախաձեռնությունը և հույս ենք հայտնում, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար, քանի որ ըստ հաշվարկների՝ նախաձեռնությանը 300 կազմակերպություն ներգրավելու դեպքում հիմնադրամը հնարավորություն կունենա ապահովել 1,500 շահառու ընտանիքների մեկ տարվա ֆինանսական բարօրությունը»,- ասել է Ավետիքյանը:

«Կարծում եմ` մենք՝ գործարարներս, կարող ենք այս նախաձեռնությունը դիտարկել նաև որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս՝ մեր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելով պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին: Վստահ եմ, որ միավորվելով գործարար համայնքը կկարողանա ավելի նպատակային և արդյունավետ գործել՝ սատարելով պետությանը և կանգնելով այն մարդկանց կողքին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի և բոլորիս անվտանգությունը ապահովելու համար»,- եզրափակել է Գուրգեն Հակոբյանը:

Նախաձեռնությանը միանալու համար այցելեք Հիմնադրամի կայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս