Մնացած գործողությունները մենք կանենք ուրիշ ձևով, չեմ ասի՝ ինչպես. անհետ կորած զինծառայողի հարազատ

Այսօր կառավարության մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատները հայտարարում էին, թե երկրում ղեկավարություն չկա, ինչն էլ իրենց ստիպում է առաջիկայում գործողություններ իրականացնել՝ իրենց ձևով:

«Մենք անելու ենք հետագա գործողությունները մեր ձևով, որի մասին ես հիմա չեմ ասելու, չեմ ասելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Վերջինս երեկ է Արցախից վերադարձել, որտեղ մասնակցում էր որոնողական աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ նոր տեղեկություններ չկան, աշխատանքները կատարվում են:

Նրա խոսքով՝ ընդամենը 2 օր առաջ է Պաշտպանության նախարարությունը հավաքագրված տվյալներ ուղարկել Արցախ, որպեսզի ԱԻՆ-ը շարունակի իրականացնել որոնողական աշխատանքներ:

«Իրենց խնդրում ենք, ասում ենք՝ արեք: Երբվանից ենք ասում: Բայց էլի չի արել: Մենք ենք գնացել, քանի հատ սպայի մենակ մենք ենք զորամասերից գտել, քանի հատ զինվորի մենք ենք գնացել զորամասերից գտել… Բայց գնալով բոլորս էլ հասկանում ենք՝ մարմիններն արդեն էնքան է պակասել․․․ այսինքն՝ մարմին էլ արդեն չկա»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ պետական մարմիններն իրենց միշտ ասում են, թե աշխատում են, բայց այդ աշխատանքի ընթացքը շատ է երկարում:

«Իրենց անգործությունը, որ էդքան շեշտում ենք, հենց էնպես չենք շեշտում այդ ամեն ինչը, քանի որ նոյեմբերի 23-ին զանգ լինում ա, Կարախանյան Հարութը զանգում, ասում ա, որ էսինչ-էսինչ կվադրատում էսքան-էսքան երեխա կա, պատերազմից հետո եմ ասում, հասկացեք՝ ինչ եմ ասում, պատերազմ չկա, երեխեքը զանգ են տալիս, կապը ստեղծում են, ասում են՝ «ստեղ ենք», օգնություն են խնդրում, չկա օգնություն:

Էդ խմբի երեխեքից մոտ 30 մարմին են թարմ խփված տվել հետո մեզ: Տեսել եք՝ ինչ վիճակում են, չնայած չէ, դուք երևի չեք տեսել էդ մարմինները: Ջնջիլը վզին գցած են հետ տվել, կներեք: Եթե էս ղեկավարությունը՝ ՊՆ ա, ՊԲ ա, ով որ ա՝ գործողություն կատարեր, ինչ-որ քայլեր կատարեր, թեկուզ ռազվեդկա ուղարկեր, ինչ ուզում ա լինի, էսօր էդ երեխեքը կարային ողջ-առողջ տունը լինեին: Ի՞նչ արեցին: Չարեցին: Թուրքերը գտան, խփեցին, սպանեցին, ամեն ինչ արեցին, բերեցին, ասեցին՝ «առեք ձեր երեխեքին»»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս