«Սյունիքի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը պետք է բացառվի և վերջ»․ Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:

Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին:

Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը:

Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»:

Տեսանյութեր

Լրահոս