Բաժիններ՝

Մեղմացվել են նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները

Առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները, միևնույն ժամանակ, սանիտարական կանոնների պահանջների պահպանմամբ։

Նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում.

  • այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում
    հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,
  • առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա
    ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,
  • կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
    երեխաների համար,
  • սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

«Չնայած իրականացված փոփոխություններին և մեղմացումներին՝ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ առկա է հիվանդացության աճի միտում, վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0.59-ից հասնելով մինչև 0.95։ Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև` Երևան քաղաքում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.

  • եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ հեռավորություն,
  • կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից,
  • տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,
  • սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը,
  • սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս