Կտրուկ աճել են փոստային առաքումներով թմրանյութերի, հոգեմետ դեղերի ներմուծման դեպքերը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականին արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի ընթացքում տարված աշխատանքների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը գերազանցում է 2018 թվականի ցուցանիշները 141 տոկոսով (177 իրավախախտում 2018 թվականին) և 2019 թվականի ցուցանիշները 112 տոկոսով (202 իրավախախտում 2019 թվականին):
Հայտնաբերված 426 դեպքից` 296-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ: Վարդան Վարդանյանի խոսքով, համադրելով վերջին երեք տարիների ցուցանիշները` ակնհայտ է դառնում, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ, իսկ 2020 թվականի բացահայտումների ցուցանիշը լավագույնն է վերջին 10 տարիների ընթացքում:
«Համավարակով պայմանավորված նոր միտում ի հայտ եկավ: Ինչպես գիտեք, համավարակի հետ կապված՝ սահմանները փակվեցին և կտրուկ աճեցին փոստային առաքումների միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով, ընդհակառակը, նվազել է»,-ասաց Վարդան Վարդանյանը:
2020 թվականին Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 240 դեպք, որը կազմում է թմրամիջոցների ընդհանուր դեպքերի 82 տոկոսը: Փոստային առաքանիներով ներմուծված թմրամիջոցների շուրջ 60 տոկոսն ուղարկվել է ԱՄՆ-ից (145 դեպք), ավելի քան 22 տոկոսը՝ Ֆրանսիայից (55 դեպք): ԱՄՆ-ից փորձ է արվել ներմուծել հիմնականում հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային սիգարետներ և մուշտուկներ, մարիխուանա, մեթամֆետամին, ինչպես նաև թմրանյութերի և հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղամիջոցներ, իսկ Ֆրանսիայից գերազանցապես թմրանյութերի և հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղամիջոցներ:
«Հիշատակման է արժանի «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում Մեքսիկայից ներմուծված առաքանու ստվարաթղթե արկղի 3 կողային պատերի մեջ «ԼՍԴ» տեսակի թմրանյութի պարունակությամբ 1000 բլոտտերի հայտնաբերման դեպքը, ինչը աննախադեպ քանակ է Հայաստանի համար»,- ասաց Վարդան Վարդանյանը:
2020 թվականի հոկտեմբերին Գերմանիայից ներմուծված մի ծանրոցում էլ մաքսայինի աշխատակիցների կողմից հայտնաբերվեցին նաև «ՄԴՄԱ» տեսակի թմրանյութ պարունակող 505 հատ ամբողջական և 11 հատ մասնատված դեղահաբեր, որոնք հանրությանն ավելի հայտնի են «Էքսթզի» անվանումով:
Վարդան Վարդանյանի խոսքով, ինչ վերաբերում է Իրանից թմրամիջոցների ներմուծմանը, ապա առկա է թմրամիջոցների ապօրինի ներմուծման թվաքանակի օբյեկտիվ նվազում, ինչը պայմանավորված է 2020 թ. փետրվարի վերջից համավարակի պատճառով ուղևորների և հետիոտների համար հայ-իրանական սահմանի փակման հետ: Այդուհանդերձ բացահայտվել է Իրանից հայկական շուկայի համար թմրամիջոցների ներմուծման 6 դեպք (37 դեպք 2019 թվականին)` մեծ մասամբ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ներմուծվել են ափիոն, մեթամֆետամին, հերոին տեսակի թմրանութեր: