Անպատիվ երևույթ է, որ Շուշիի մոտով անցնում ես, ու թուրքն ինչ-որ ժեստերով քեզ ձեռք է առնում. Նունե Ներսիսյան
«Ուրախ եմ, որ ռուս խաղաղապահներն այսօր մեր բնակիչների անվտանգությունն են ապահովում, բայց մեր հողում, երբ ամեն քայլափոխի ստուգում են մեր անձնագրերը, ինչպես նաև մեքենաները, դա արդեն սարսափելի է: Երբ Լաչինի միջանցքով անցնում ենք, Բերձորը, գյուղերը լրիվ ամայի վիճակում են, տները լքված են: Իսկ արցախցիները հոգեբանորեն ճնշված են»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը, ով օրերս է վերադարձել Արցախից:
Նա գործարարներին կոչ արեց՝ ասելով, որ այսօր արցախցին աշխատանքի կարիք ունի, և Արցախում աշխատատեղեր բացելով՝ մեծ գործ արած կլինեն:
«Արցախ մտնելը վտանգավոր չէ: Այսօր մեր հայրենակիցները յուրաքանչյուրիս կարիքն ունեն: 5-6 երեխա ունեցող մարդիկ կան այնտեղ: Մի կնոջ հետ եմ շփվել, ով ունի 6 երեխա, որից 4-ը անչափահաս են, ամուսինը մահացած է: Նա աշխատանք է ման գալիս»,- նշեց Նունե Ներսիսյանը:
Բանախոսն ասաց՝ իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ից հետո չպետք է լինեին իշխանության ղեկին:
«Անպատիվ երևույթ է, որ Շուշիի մոտով անցնում ես, ու թուրքն ինչ-որ ժեստերով քեզ ձեռք է առնում: Կոչ եմ անում ամեն օր գնալ Արցախ, ինչպես նաև բացել աշխատատեղեր: Ես որպես բժիշկ՝ որոշել եմ գնալ Արցախ, փոքրիկ բժշկական կենտրոն բացել և աշխատել»,- հավելեց նա: