«Առայժմ որևէ լավ բան չեմ կարող ասել Սյունիքի հետ կապված. լարվածություն կա». Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքում բնակչության շրջանում եղած լարվածությունը չի մեղմացել, որոշ ազդակներով պայմանավորված` ժամանակ առ ժամանակ այդ լարվածությունը նույնիսկ սրվում է:

«Տեղեկատվություն էր տարածվել, որ ադրբեջանցիները նույնիսկ գյուղ են հասել, սակայն այդպես չէ, նրանք Ներքին Խնձորեսկ չեն մտել, բայց շատ մոտ են գյուղին: Բնակչության շրջանում լարվածություն կա նաև ճանապարհների հետ կապված, տեղեկացանք, որ վերջերս ադրբեջանցիները մեքենաներով փորձել են փակել միջպետական ճանապարհը: Այս հարցը բազմիցս բարձրացրել են ԱԺ-ում, և տարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ խուսանավում է պատասխաններից, և մեղքը բարդեց հենց հարց բարձրացնողների վրա: Առայժմ որևէ լավ բան չեմ կարող ասել Սյունիքի հետ կապված՝ լարվածություն կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Ըստ նրա՝ կա թյուր կարծիք, որ Սյունիքի հետ կապված սահմաններից դեպի ներս եկող հատվածը կապում են Արցախի հինգ շրջանները հանձնելու հետ: Այնտեղ կա Ջաբրայիլի ու Կուբաթլուի շրջանը, սակայն որքանով ուսումնասիրել է և համայնքների ղեկավարների հետ զրուցել է, պարզվել է՝ որոշակի այգեգործական տարածքներ և հողեր կան, որոնց հատկացումները կատարվել են դեռևս Խորհրդային Միության տարիներին:

«Սյունիքը, հատկապես Սիսիանը գյուղատնտեսական նշանակության շրջան է, և մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու: Բավականին խոտհարքներ և հողեր անցել են ադրբեջանական հսկողության տակ կամ նրանց դիտարկման ներքո: Անվտանգության հետ կապված՝ հիմա մենք ՀՀ որևէ մարզում անվտանգ չենք, ցավոք»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս