«Ես պատրաստ եմ 72.307 դրամ տալ այդ հարցը լուծելու համար». Հայկ Մարության

Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթում, անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանում ոչ համայնքային հողատարածքում կառուցված խաղահրապարակի քանդման որոշմանը, ասաց, որ Երևանի քաղաքապետին որոշ բաներ չեն զեկուցվել: Նշենք, որ տարածքի սեփականատերը որոշել է խաղահրապարակի փոխարեն այլ բան կառուցել, և դիմել է դատարան: Ստացել է որոշում, որ խաղահրապարակը պետք է քանդվի: Արմեն Ներսիսյանը պատմեց, որ օրեր առաջ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Մարկոս Հարությունյանը, փորձել են բանակցել սեփականատիրոջ հետ:

«Պարոն քաղաքապետ, շատ հարցեր Ձեզ չեն զեկուցում: Մարկոս Հարությունյանը մոտ մեկ ժամ բանակցում էր սեփականատիրոջ հետ, որ՝ «արի քեզ համար ուրիշ տարբերակ մտածենք», բայց նա հրաժարվեց ընդհանրապես, որովհետև ասեց՝ իրավաբանական վարչության հետ մենք զրուցել ենք, պահանջը եղել է 4 մլն 700 հազար դրամ, որ փոխհատուցվեր, դա էլ չեղավ, դրա համար դիմել եմ դատարան: Պարոն քաղաքապետ, ես որպես ավագանի՝ խնդրում եմ, եկեք էս հարցը լուծենք, 4 մլն 700 հազար դրամը տանք էդ մարդուն, թող թողի գնա, խաղահրապարակը չքանդվի: Ձեզ չեն տեղեկացնում ոչ մի բան, ես վստահ եմ, որ տեղեկացնեին՝ դուք կասեիք՝ տվեք, թող ըտեղից հեռանա, բայց Ձեզ չեն զեկուցում»,- ասաց Ներսիսյանը:

Ավագանու անդամը հարցրեց, թե պատրա՞ստ է քաղաքապետը նշված գումարը վճարել, որ սեփականատերը հրաժարվի խաղահրապարակը քանդելու մտքից: Հայկ Մարությանն ասաց, որ պետք է հասկանալ՝ Քաղաքապետարանը նման իրավունք ունի՞, թե՞ ոչ, սակայն կա մեկ այլ տարբերակ ևս, որ ավագանու անդամները որպես անհատներ՝ անեն այդ քայլը: Քաղաքապետը փոքրիկ հաշվարկ արեց:

«4 մլն 700 հազար դրամը բաժանում ենք 65-ի՝ մեր ավագանու անդամների միջև: Ստացվում է մոտ 72 հազար դրամ: Ես՝ որպես ավագանու անդամներից մեկը,   պատրաստ եմ 72.307 դրամ տալ այդ հարցը լուծելու համար: Իսկ Քաղաքապետարանը դրա իրավունքն ունի՞, թե՞ ոչ, պետք է հասկանանք, գնահատման հարց էլ կա»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետին տեղեկացրին, որ 4մլն 700 հազարը ոչ թե այն գումարն է, որի դիմաց քաղաքացին պատրաստ է տարածքը զիջել համայնքին, այլ նա այդքան պարտք է քաղաքին և ցանկանում է պարտքը զրոյացնել: Այսօր տարածքի սեփականատերը հրավիրված է քննարկման:

Տեսանյութեր

Լրահոս