Առաջնային մտահոգությունը՝ «ո՞նց ենք վարկերը փակելու». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, աղվերանյան հանդիպումից հետո «իմքայլականները» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «որոշել» են, որ հանրության շրջանում արտահերթ ընտրության պահանջ չկա, ու իրենք պիտի շարունակեն պաշտոնավարել:
Փորձագետներն արդեն նշում են մի շարք պատճառներ, որոնք հիմք են դարձել արտահերթի գաղափարից հրաժարվելու համար, թեպետ քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, որ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրության «թեզի» շրջանառումն ինքնին մանիպուլյացիոն քայլ էր: Սակայն այս ամենից ոչ պակաս ուշագրավ են եղել «իմքայլականների» քննարկումները, որոնց հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:
Ի թիվս ընտրություններին ակնհայտ տապալվելու վախերի, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու հետևանքների և այլ «թեմաների», հատկապես պատգամավորական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ անհանգստություն են հայտնել, որ արտահերթի դեպքում իրենցից շատերն այլևս պատգամավոր չեն լինի, կայուն եկամտի խնդիր կունենան, այնինչ վարկեր ունեն, այդ թվում՝ հիպոտեկային, դրանք վճարելու խնդիրներ են առաջանալու: «Մինչև 2023 թվականի հաշվարկ ենք արել, ոնց ենք այդ ամենի տակից դուրս գալու»,- մտահոգվել են պատգամավորները»: