Հայ մասնագետները մշակում են ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին եւ 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը:
ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաեւ՝ մոլորված արշավախմբերին եւ զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում, ուստի գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, այնպես էլ՝ զբոսաշրջային անվտանգության դասախոս, ծրագրավորող, տեխնիկ-հրահանգիչ:
Ապարանում փորձարկվել է երեք սցենար. անտառում մոլորված մարդու, մթության մեջ տեղանքում չկողմնորոշված եւ մոլորված մարդու եւ ձյան շերտի տակ հայտնված մարդու որոնում: ԱԹՍ-ն հաջողությամբ գտել է անտառում եւ մթության մեջ մոլորված մարդկանց: Արդյունքը դրական է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Մասնավորաբար, կախված անտառի խտությունից, պետք է կարգավորել ԱԹՍ թռիչքի բարձրությունը: Կամ՝ ԱԹՍ-ի բարձրախոսով հայտարարություն տարածել. «Եթե մեզ լսում եք, մի քանի քայլ առաջ-հետ, ձախ-աջ շարժվեք»: Եթե մոլորվածը վնասվածքներ ունի եւ չի կարող շարժվել, կարող է նստած-պառկած դիրքով որեւէ շարժում անել: Այս դեպքում ԱԹՍ-ն ավելի արագ կգտնի մոլորվածին, կկրճատվի որոնման ժամանակը: ԱԹՍ-ն հագեցած է հատուկ տվիչներով, հաղորդիչներով եւ կորածին, մոլորվածին, տուժածին հայտնաբերելուն պես, տվյալները իրական ժամանակում հաղորդում է տեղի ճգնաժամային կառավարման կենտրոն:
Ձյան շերտի տակ մնացած մարդու որոնման հարցում առայժմ դրական արդյունք չկա: Աշխատանքները շարունակվում են: Փետրվարի 4-8-ը անօդաչու թռչող սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու դաշտային փորձեր կարվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում:
Աշխատանքների արդյունքում կձեւավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար լինել փրկարարներին: