Վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում՝ դիտավորությամբ բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և որոնց հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին: Միաժամանակ, նույն դատական ակտով Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, 2021 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ, կարևորելով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիմքում ընկած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու համար, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։