«Մեկի մարմինը հանելուց ասում ենք՝ «քո հարցն էլ լուծվավ», էս ի՞նչ վիճակի եք մեզ հասցրել». անհետ կորածի հայր

Այսօր ՊՆ շենքի առջև էին հավաքվել անհետ կորածների հարազատները և պահանջում էին հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պնդում էին, որ ՊՆ-ն, սպաներն անգործություն են դրսևորում և որոնողական աշխատանքները պատշաճ ձևով չեն իրականացնում: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանն էլ ասել էր, որ անհետ կորածների ծնողների հետ արդեն սկսել են խոսել վերջնագրի (ուլտիմատում) լեզվով: Նրա խոսքով՝ երեկ 3 սպա պետք է գնար Արցախ, բայց չեն գնացել՝ պատճառաբանելով, որ ծնողներն իրենց  ծեծում են, պնդել են, որ, եթե ծնողներն ինչ-որ սպայի վատ վերաբերվեն, ապա կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ղուկասյանի պնդմամբ՝  Նիկոլ Փաշինյանն էլ իրենց հետ վերջին հանդիպման ժամանակ ասել է՝ «նայեք, կարմիր գծերը մի անցեք, թե չէ կենթարկվեք քրեական պատասխանատվության»։

«Թող ծնողներից յան տան: Մեկին մի հատ սիլլա են տալիս, 50 հոգով հավաքվում են, գործ են ուզում անեն, բա չեն մտածո՞ւմ, որ մնացածս էլ էդ 5-10 հոգու կողքը կանգնած ենք: Կոչ ենք անում բոլորիդ, որ ձեր աշխատանքները նորմալ կատարեք, ոչ թե ընկեք ծնողների հետևից, այլ ձեր ենթականերին հավաքեք, ուղարկեք որոնողական աշխատանքների: Էսօր որ մի ծնողի հարց լուծվում ա, բոլորովս փոխանակ տխրենք, որ մարմին ենք հանել, բերելու ենք հանձնենք հողին, ասում ենք՝ «ախպեր ջան, քո հարցն էլ լուծվավ», էս ի՞նչ վիճակի եք մեզ հասցրել»,- ասաց անհետ կորածի հայրը: Ու հետո ավելացրեց, որ չեն գնալու, մինչև չհանդիպեն նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Անհետ կորածի հարազատը նաև տեղեկացրեց, որ պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացրել, սակայն դրանք անհետևանք են մնացել:

«Այսինքն՝ այս պատերազմը շատ նորմալ ավարտ ա ունեցել, հա՞, և՛ սկիզբը, և՛ ավարտն իրանց սրտո՞վ ա եղել, եթե ոչ մեկին չեն պատժում, դուրս ա գալիս, որ վերևից ներքև սաղ իրանց հրամանով ա եղել, ուրեմն ասել են՝ երեխեքին բրթեք առաջ, թող զոհերը լինեն, տարածքներն էլ հանձնեք՝ դուրս եկեք: Եթե տենց չի եղել, բա ինչի՞ մեկին չեք պատժել: Պատերազմի ժամանակ անընդհատ դավաճաններից էիք խոսում, ո՞ւր են, էդ դավաճաններից մեկին կարա՞ք ցույց տաք, մենք էլ գնանք վզից բռնենք, ասենք՝ խի՞ ես մեր հայրենիքը ծախել, եթե չեն բռնում, ուրեմն վերից վար բոլորը տեղյակ են եղել, տենց էլ եղել ա»,- ասաց անհետ կորածի հայրը:

Տեսանյութեր

Լրահոս